Շոմբի Շարփ․ Հայաստանը պետք է դիվեսիֆիկացնի տնտեսության ճյուղերը՝ հեռանալով հանքարդյունաբերությունից

«Ազատությունը» հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

«Ազատություն»․ - ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մասին խոսելիս անհնար է շրջանցել Ամուլսարի թեման: Համաձա՞յն եք, որ Ամուլսարի հանքի շահագործումը հակասության մեջ է կայուն զարգացման նպատակների հետ:

Շարփ․ - Ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը տնտեսության մի ճյուղ է, որը հարվածում է կայուն զարգացման նպատակների հենց առանցքին: Այդ նպատակների հիմքում երեք հիմնական սկզբունքների հավասարակշռումն է՝ տնտեսական աճ, շրջակա միջավայրի կայունություն և սոցիալական կայունություն: Կոնկրետ Ամուլսարի մասին պետք է նշեմ, որ դա ներքին հարց է և շատ բարդ հարց: Խնդիրներ կան օտարերկրյա ուղիղ ներդրումների, պայմանագրային պարտավորությունների, քաղաքացիների ու համայնքի բնակիչների հետ կապված։ Ամեն դեպքում Հայաստանը մենակ չէ, ու նման խնդիրների առջև շատ աշխարհի բոլոր երկրներն էլ կանգնում են։ Ընդհանուր առմամբ, նկատեմ որ կառավարությունն ու վարչապետը ավելի վաղ շատ ճիշտ ընդգծել էին՝ որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր երկարաժամկետ նպատակներին, պետք է դիվեսիֆիկացնի տնտեսության ճյուղերը՝ հեռանալով հանքարդյունաբերությունից։ Լիովին համաձայն եմ, որ այս նպատակների վրա պետք է կենտրոնանալ՝ զարկ տալով տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը, ինչը և արվում է: Հայաստանում այդ ոլորտը արագ ու կայուն զարգանում է, պետք է կենտրոնանալ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա, արտահանման վրա։ Նշեմ նաև, որ հանքարդյուանբերության ձեռնարկությունների բաժնետերերի թափանցիկության նախաձեռնությունը շատ տեղին է, որպեսզի վստահ լինենք, որ այդ ընկերությունները օրենքով են գործում և կատարում են իրենց պարտավորությունները։ ՄԱԿ-ի գրասենյակը շահագրգռված է օգնել համայնքներին գտնել կայուն զարգացման իրենց ճանապարհը, սա մարտահրավեր է ողջ հասարակության համար։


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․