Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ և ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է կառուցել Սինգապուրում: Հայաստանի ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ հարաբերությունները խորացնելու առումով:

«Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը և, մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու: Նաև ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմամբ և արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձևավորելու ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը ևս այդպիսի հետաքրքրություն կդրսևորի», - ասել է Արարատ Միրզոյանը:

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ և՛ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության և՛ նրա անդամ պետությունների միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու Ազատ առևտրի մասին համաձայնագիրը ևս կնպաստեն հարաբերությունների զարգացմանը:

«Մենք ջերմ բարեկամական և դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,- ասել է Լի Սյեն Լունը:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի համար զգայուն երկու հարցի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես բազմաթիվ երկրներ, Սինգապուրը ևս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Սինգապուրի վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում: