Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Այսօր առավոտյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ ընթացիկ բուժզննում անցնելու համար։
Վաղը Երևանում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը: Մամուլում լուրեր են պտտվում, թե նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ռոբերտ Քոչարյանին։
«Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք որևէ պաշտոնական գրություն ստացվել է այն մասին, որ Ռուսաստանի նախագահը կայցելի Հայաստանի երկրորդ նախագահին, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասաց՝ նման գրություն հիմնարկը չի ստացել։
Նախկին նախագահը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում և բազմիցս է հայտարարել, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից։