Վարչապետն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, ցավակցություն հայտնել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:

Վարչապետը Հայաստանի կառավարության և իր անունից ցավակցություն է հայտնել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի և մեծ մարդու: Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում և միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար»:

«Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքին ու բարեկամներին: Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ցավակցությունների գրքում գրել է Հայաստանի ղեկավարը:

1995-2007 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին՝ 87 տարեկանում:

Հայաստանի վարչապետը նաև ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահի մահվան կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Փարիզում կմասնակցի Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը: