Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների:
Կիրակի օրը ցուցարարները կրկին արգելափակել են կենտրոնական փողոցներն ու հրաժարվել կատարել ոստիկանության պահանջները, ինչին ի պատասխան ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ:
Ամռան առաջին օրերից սկսած Հոնկոնգում բողոքի ակցիաները չեն մարում, դրանց մասնակցում են հարյուր հազարավոր ցուցարարներ, ովքեր նախ պահանջում էին չեղարկել արտահանձնման մասին օրենքը:
Չնայած իշխանությունները կատարել են աղմկահարույց այդ նախաձեռնությունից հրաժարվելու պահանջը, սակայն ցույցերը չեն մարում՝ ակտիվիստներն այժմ էլ պահանջում են ազատ արձակել բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածներին, ինչպես նաեւ անկախ հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի ոստիկանության բռնությունները։
Պեկինը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ, անհայտ է։ Հենց այդ անորոշության ֆոնին Հոնկոնգում թափ առնող ընդդիմադիր շարժումների առաջնորդները կառավարությանը մեղադրում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը պարբերաբար խախտելու մեջ: