ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ իմփիչմենթի լսումների մեկնարկը «ամերիկյան քաղաքականության պատմության մեջ երբևէ եղած մեծագույն խաբեբայություն է»:
Թրամփը 38 վայրկյան տևողությամբ տեսաուղերձ է հրապարակել սոցցանցերում՝ արձագանքելով լսումների մեկնարկին, որոնց հիմքում ընկած են կասկածները, թե ԱՄՆ նախագահը ձգձգել է Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը՝ փորձելով ստիպել Կիևին հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ:
Սկանդալի հիմքում ամերիկյան հատուկ ծառայությունների մի աշխատակցի հնչեցրած ահազանգն է հուլիսի 25-ին Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգի վերաբերյալ: Այս զրույցի ընթացքում Թրամփը խնդրել է Զելենսկուն օգնել՝ հետաքննելու 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքի մեջ մտած Բայդենի և նրա որդու՝ ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի վարչության անդամ Հանթերի գործունեությունը Ուկրաինայում:
Նախքան հեռախոսազրույցը Թրամփը կասեցրել էր շուրջ 400 միլիոնի ռազմական աջակցության տրամադրումը Ուկրաինային: