Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել։
Ըստ Հատուկ քննչական ծառայության, 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, այնտեղ հիմա գործում է Redisson Blue հյուրանոցը։
ՀՔԾ-ն հայտնում է՝ նախկին քաղաքապետի որոշմամբ, զբոսայգու տարածքի վերաճշտման արդյունքում նոր հատակագծում առանց հիմքի և ապօրինի կերպով դուրս է մնացել այգու տարածքից, մեկ այլ որոշմամբ էլ հողատարածքը կադաստրային արժեքով՝ 164 միլիոն 760 հազար դրամով վաճառվել է «Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը, այսինքն այս ընկերությունը մեկ քառակուսի մետրի համար վճարել է ընդամենը 16 հազար 476 դրամ։ Այս ընկերությունն էլ իր հերթին տարածքի գրավադրմամբ Հայաստանում գործող բանկերից մեկից ստացել է 2,8 միլիոն դոլար վարկ։ Սա էլ ամենը չէ, հետագայում պայմանագրում կատարված փոփոխություններով գումարի չափն ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ դրամի, ինչը 70 անգամ ավելի է քան ընկերությունը վճարել է այդ տարածքի համար։
10 հազար քառակուսի մետր հողատարածքում այժմ գործում է «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցը, որի ղեկավարն Արտաշես Ավետիսյանն է՝ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին։
Նրան են պատկանում նաև Հյուսիսային պողոտայում և Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցները։ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես»-ն արդեն տևական ժամանակ է՝ չի գործում, այն երկու օր առաջ որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը։
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին ԱԱԾ-ն բացահայտել էր, որ որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, բայց այն վերագրվել էր Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը, որն իբր ներդրում է արել Հայաստանում։
Ավելին, ԱԱԾ հրապարակած տեսանյութում կա նաև երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի արխիվային հարցազրույցներից մի հատված։ Խոսելով հյուրանոցի մասին` Քոչարյանն ասել է. «Գիտեք, եթե մարդիկ Կիպրոսից այստեղ արդեն ներդրում են արել, այսպիսի հյուրանոց են կառուցել, ուրեմն վստահություն կա, որ այստեղ բիզնես միջավայրը իրականում այնպիսին է, որ կարելի է վստահել, կարելի է ներդրումներ անել և կարելի է փող աշխատել»։
Ըստ ՀՔԾ-ի, առկա են Զախարյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Քրեական գործն այժմ նախաքննության փուլում է, ՀՔԾ-ի ավելի վաղ տարածած հայտարարություն մեջ նշվում է. «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ»։
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, այս պահին նախկին քաղաքապետը կալանավորված չէ, կալանքի համար չեն դիմել, չհեռանալու մասին ստորագրություն է կիրառված։