Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների, տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»:
Պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, «Հաղթանակ զբոսայգու» մաս կազմող և Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10 հազար քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 2008 թվականի մարտի 12-ի որոշմամբ, հիշյալ զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատրվակով թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 2008 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար դրամով /այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով/, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը, հաղորդում է ՀՔԾ-ն:
Ըստ հաղորդագրության, 2015-ի մայիսի 29-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ Հայաստանում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2 միլիոն 800 հազար դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը:
Նախաքննությունը շարունակվում է: