Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տվել

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը, արխիվ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հրաժարական է տվել, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով իրենց աղբյուրները: ԱՄՆ պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել Վոլքերի հրաժարականը:

Ավելի վաղ Վոլքերը կանչվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որտեղ նա պետք է հարցաքննվեր ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև հուլիսյան աղմկահարույց հեռախոսազրույցի հետաքննության շրջանակներում: Այդ հեռախոսազրույցի կապակցությամբ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի աշխատակցի բողոքի տեքստում հիշատակված է նաև Վոլքերի անունը:

Բողոքի հեղինակը, ում ինքնությունը գաղտնի է պահվում, նշել է, որ Վոլքերը և Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլենդը հուլիսի 26-ին հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և այլ ուկրաինացի պաշտոնյաների հետ, նաև նշվում է, որ երկու դիվանագետները ենթադրաբար խորհուրդներ են տվել ուկրաինական ղեկավարությանը, թե ինչպես արձագանքել Թրամփի պահանջներին, որոնք վերաբերում էին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը հետաքննելուն:

Վոլքերը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց է նշանակվել 2017 թվականին, մինչ այդ նա ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն էր: