Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար ու «Սանիթեք»-ի իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով քաղաքը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել, հարուցվել է քրեական գործ, այն ուղարկվել է Քննչական կոմիտե, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Դատախազությունն ուսումնասիրել է միայն քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերը՝ «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերության հետ կնքված պայմանագրերը, դրանց կատարման ընթացքն ու եզրահանգել՝ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ:
Ընդհանուր առմամբ՝ խոսքը 2013 և 2015 թվականներին «Սանիթեք»-ի՝ պայմանագրով պարտավորված ծառայությունների, վճարումների ոչ պատշաճ կատարման, պահանջվող քանակի ու որակի աղբամաններ չտեղադրելուն է վերաբերում: Այս շրջանում Երևանի քաղաքապետը հանրապետական Տարոն Մարգարյանն էր:
Ըստ դատախազության՝ Երևանի պաշտոնատար անձինք փաստացի վճարել են չկատարված աշխատանքների ու չմատուցված ծառայությունների համար, առանց բանկային երաշխիքի տարեկան համաձայնագրեր են կնքել, մինչդեռ այդ պայմանագրերի համար երաշխիքի առկայությունը պարտադիր է եղել: Ըստ դատախազ Սոնա Հովսեփյանի՝ հնարավոր չէ, որ պաշտոնյաները տեղյակ չլինեին այն մասին, որ քաղաքային բյուջեից վճարում են չկատարված աշխատանքների համար:
«Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումներից յուրաքանչյուրը որոշակի պարտականություններ է կրում և աղբահանության, սանիտարական մաքրման և ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ իրենք վերահսկողություն են իրականացնում, հետևաբար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք պարտավոր են իմանալ, թե պայմանագրային պարտավորությունները ինչ չափով են կատարվում և իրենք գումարը որ չափի համար պիտի վճարեն», - ասաց Հովսեփյանը:
Օրինակ, ըստ դատախազության՝ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրերում էլ գրվել է, որ նախատեսված է եղել 16 հազար մետաղական աղբարկղեր տեղադրել քաղաքում և դրանց մաքրման, լվացման, մատակարարման, պահպանման ու սպասարկման համար յուրաքանչյուր տարի վճարվել է 1.8 միլիարդ 809 մլն դրամ, սակայն պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական:
Ավագանու «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն «Ազատությանն» ասաց՝ շուրջ մեկ տարի է, ինչ իրենք հայտարարում են, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում, խախտումներով է աշխատում: Ընդգծեց՝ հենց այդ խախտումներն է արձանագրել Գլխավոր դատախազությունը․ - «Աղբամանները՝ մեկ, հարթակները, որտեղ պետք է տեղադրված լինեն աղբամանները և դրանց սանմաքրումը պետք է իրականացվեր՝ երկու․․․ հենց մենակ աղբամանների՝ լավ՝ տեսակը չէ, բայց գոնե քանակային առումով համալրվածությունը՝ երեք: Այն բողոքները նրանց կողմից, որ՝ ձեր աղբավայրը շատ վատ վիճակում է և մեր մեքենաները փչանում են․․․ լավ՝ 2013թ․ կնքեցիք առաջին պայմանագիրը և տեսաք, որ «Նուբարաշենում» գտնվող մեր աղբավայրում վիճակը վատ է, ինչո՞ւ երկրորդ պայմանագրում չնշեցիք այդ դրույթը, որպեսզի քաղաքապետարանն էլ իր կողմից պարտավորություն ունենար տվյալ աղբավայրը բարեկարգեր»:
Նախորդ ամիս վարչապետի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել էր իրենց դժգոհությունները «Սանիթեք» ընկերության հետ կապված: Ավելի վաղ՝ ՊԵԿ-ն էր քրեական գործ է հարուցել «Սանիթեք»-ի դեմ հարկերը վճարելուց խուսափելու համար: Դրանից հետո ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը մեկնել է Հայաստանից, վերջին ասուլիսին էլ «Սկայպով» մասնակցեց՝ պնդելով, թե իրենց Հայաստանում վտանգ է սպառնում:
Ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը կարծում է՝ Նիկոլաս Թավիլը գուցե նաև այս քերական գործի մասին է կռահել:
«Սանիտեք»-ից դեռ մեկնաբանություններ չեն հնչում, աշխատանքային օրվա վերջին միայն հայտարարեցին՝ հաշվի առնելով, որ դատախազության հաղորդագրություն տեղ գտած հարցերը լայնածավալ են, ընկերության իրավաբանական թիմը իրականացնում է ներկայացված փաստերի արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրություն և վերլուծություն:
Լիբանանյան ընկերությունը վաղը հանդես կգա պարզաբանմամբ: