Գագիկ Խաչատրյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն ավարտվեց, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը այսօր վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց: Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը, նախկին պաշտոնյայի փաստաբանների փոխանցմամբ, կհրապարակվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին:

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը:

Նիստի ավարտին Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրած առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտումներ, և իրենք հաղորդում են ներկայացրել Արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

«Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ: Դատարանը չէր կարող պատկերացնել նման հանցագործություն առկա է, թե ոչ իր տրամադրության տակ չուներ նյութ, որպեսզի հաղթահարեր հիմնավոր կասկածի շեմը», - ասաց Սարգսյանը, ավելացնելով՝ ակնհայտ է, որ դատարանը կոպիտ խախտում է թույլ տվել և անձի ազատության իրավունք է սահմանափակել:

Երեմ Սարգսյանը այսօր շեշտեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Խաչատրյանը մասնակցում է բողոքի քննությանը, բայց փաստաբանը չմանրամասնեց, թե նախկին պաշտոնյան դատարանում ինչ հայտարարություն է արել:

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել Խաչատրյանի գույքի վրա և իրենք բողոքարկել են քննիչի այդ որոշումը:

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2008 թվականից սկսած, զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2016-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը, որը ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»:

Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։