«Բաց հասարակության հիմնադրամները» հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» շարժման վերաբերյալ

Վերջին 2 տասնամյակում Հայաստանում տարաբնույթ ծրագրեր իրականացրած «Բաց հասարակության հիմնադրամները» վերջին ամիսներին թիրախավորվել է մի խումբ անձանց կողմից, որոնք իրենց անվանում են «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժում: Վերջին շաբաթներին էլ այդ նախաձեռնության անդամները հիմնադրամի գրասենյակի դիմաց ամեն օր դիմավորում և ճանապարհում բոլոր եկող - գնացողներին, բոլորին տեսանկարահանում են, մեղադրում «ազգը վաճառելու» մեջ ու այդ գործողությունների տեսանյութերը հրապարակում համացանցում։

Այսօր «Բաց հասարակության հիմնադրամները» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է՝ գրասենյակ այցելող բոլոր քաղաքացիները երեք շաբաթ շարունակ հետապնդումների և հոգեբանական ճնշումների են ենթարկվում «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների կողմից։

Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն շեշտում է՝ գրասենյակի դիմաց հավաքվածների ցանկացած խոսք եկող-գնացողների հասցեին սադրիչ է:

«Սա արդեն չի դառնում պաշտպանված հավաք, որովհետև սա խաղաղ հավաք չէ, սա ակցիա է, որը ունի սադրելու միտում և որպես այդպիսին չպիտի պաշտպանվի: Ոստիկանությունը սա դիտարկում է այդպես [խաղաղ հավաք], և դիրքորոշումն այսպիսին է՝ դիմեք դատարան», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մինասյանը:

Հայաստանում իրավապաշտպան և ժողովրդավարական գործընթացներին աջակցող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենն ասում է՝ իրենց և այցելուների հասցեին ամեն օր հնչող ատելության խոսքը պետք է կանխվի: Մինասյանը ընդգծում է՝ այսօր արած հայտարարությունը, ըստ էության, «ՎԵՏՕ»-ի կազմակերպած ակցիայի մասին իրենց առաջին հանրային գնահատականն է:

«Իսկապես չենք ուզել ընկնել էն տիրույթը, որտեղ սա գոյություն ունի: Իսկ դա ստի, անգամ ոչ մանիպուլյացիայի՝ 100 տոկոսանոց ստի տիրույթ է», - նշեց նա:

Իսկ թե ինչ վերջնական նպատակ են հետապնդում գրասենյակի դիմաց հավաքված անձինք, Մինասյանն ասում է՝ հեղափոխության դեմ ռեակցիա է, որքան էլ դա ծիծաղելի կարող է թվալ․ - «Ու այդ ծիծաղելի թվալը երևի իրենց ամենամեծ զենքն է: Դու չես կարող գնալ էդ ստի դեմ խոսել, սա լուրջ չի, ոչ մի բան չի զսպում իրենց նենգափոխել իրականությունը, մի նպատակի համար որը արժեքները խարխլելն է: Այո՛, արժեքն է ոտնահարվում և անվստահությունը հենց կառավարության, իշխանության հանդեպ»:

Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նենգափոխության դեմ երկխոսություն կամ քննարկում լինել չի կարող, ասում է՝ այժմ նախկինում արժեզրկված ինստիտուտները պետք է վերակառուցել․ - «Այդ փոփոխությունը դժվար է, կատարելը մեծ ռեսուրս է պահանջում, վճռականություն է պահանջում և այդ վճռականության դեմ է, այդ խորքայնության դեմ է, որ խարխլում են ժողովրդի մեջ: Սերմանում են, թե էս արածը քանդելու է մեր պետականությունը, թշնամացնելու է միմյանց դեմ»:

Այս ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Մալյանը, որը նախկինում զբաղեցնում էր նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականի պաշտոնը, պնդեց՝ իրենք շահագրգիռ են, որ գրասենյակի աշխատանքները չխոչնդոտվեն: - «Եվ մենք էլ հնարավորություն ունենանք ելումուտ անողներին լուսա և տեսանկարահանելու և հանրությանը ներկայացնելու», - նշեց Մալյանը:

Ըստ հեղինակավոր Atlantic Council-ի ամիսներ առաջ հրապարակած հետաքննության՝ Նարեկ Մալյանն այն չորս անձանցից մեկն է եղել, որը փոխկապակցված է SutNikol ֆլեշմոբի սկզբնաղբյուրին: Հետաքննության համաձայն, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ, ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով:

Մալյանն ասում է՝ Լարիսա Մինասյանի հետ հեռակա կարգով բանավիճել չի ուզում, պատրաստ է ներկայացնել իր ունեցած փաստերը, եթե ուղիղ եթերի ֆորմատով հեռուստաբանավեճ լինի․ - «Ես էդ ամեն ինչը պահում եմ, որպեսզի էդ հնարավորությունը օգտագործեմ և ցույց տամ: Եթե ես սուտ եմ խոսում, եթե ստախոս եմ, թող հանրությունը էդ մասին ուղիղ եթերից իմանա»:

Այսօր «ՎԵՏՕ»-ի անդամների արարքները դատապարտող հայտարարություն արեցին նաև քաղհասարակության մի շարք կազմակերպություններ: Դրանցից մեկի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը մի քանի անգամ հիմնադրամի գրասենյակի դիմաց առնչվել է ակցիայի մասնակիցների հետ ասում է՝ «ՎԵՏՕ»-ականներն իրենց արարքներով մարտահրավեր են նետում ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքներին:

«Ամբողջովին հիմնադրամի գործունեությունը եղել է Սահմանադրության և միջազգային պարտավորություններով վերցված չափանիշներին համապատասխան և հիմա, երբ նման գործողություններ կատարում են, ոչ այնքան հիմնադրամի դեմ են, այլ նաև հենց այդ հիմնադրամի կողմից աջակցություն ստացած ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների դեմ հարձակում եմ ես համարում», - կարծիք հայտնեց իրավապաշտպանը: