Շուշանիկ Թամրազյան․ Այսօր գրական ճաշակը կրթելու խնդիր կա

Բանասեր, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն ավելի քան 20 տարի զբաղվում է ֆրանսիական գրականության թարգմանությամբ՝ հայ ընթերցողին ներկայացնելով ֆրանսիացի թե՛ դասական, թե՛ ժամանակակից հեղինակներին:

Տարիներ առաջ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Պոլ Վալերիի անվան համասարանում նա պաշտպանել է իր թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները՝ նվիրված ժամանակակից ֆրանսիական պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկի՝ Իվ Բոնֆուայի ստեղծագործությանը:

Արդեն 2000 թվականից սկսած՝ նա հայ ընթերցողի սեղանին դրեց Իվ Բոնֆուայի տարբեր գրքերի հայերեն թարգմանությունները՝ զուգահեռաբար, իհարկե , թարգմանաբար տպագրելով նաև ֆրանսիացի այլ հեղինակների ժողովածուներ, այդ թվում և գիտական:

Այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում Շուշանիկ Թամրազյանը ներկայացրեց 19-րդ դարի ֆրանսիացի ամենահայտնի հեղինակ ներից Ժերար դե Ներվալի «Քիմեռներ» խորագրով բանաստեղծական ժողովածուն՝ իր թարգմանությամբ:

«Սա հանդիպում է ոչ թե Շուշանիկ Թամրազյանի հետ, այլ ֆրանսիական ռոմանտիզմի ամենաինքնատիպ և իսկապես ամենանուրբ բանաստեղծներից մեկի՝ Ժերար դե Ներվալի հետ և, մասնավորապես, նրա հանրահայտ բանաստեղծական ժողովածուի՝ «Քիմերների» հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թամրազյանը:

Նա նշեց, որ խորհրդային տարիներին Աբրահամ Ալիքյանի թագմանությամբ «Ֆրանսիական պոեզիայի անթոլոգիայում» լույս է տեսել Ժերար դե Ներվալի մի քանի բանաստեղծություն, իսկ իր թարգմանությամբ սա արդեն վերջին մի քանի տարիների ընթացքում Ներվալի ստեղծագործությունների երրորդ ժողովածուն է, որ լույս է տեսնում հայերեն:

«Երբ ամեն անգամ ես մտովի տեղափոխվում եմ 19-րդ 50-ական թվականներ՝ վերջին տարիները Ժերար դե Ներվալի ստեղծագործական ուղու, ու փորձում եմ դա տեղակայել ֆրանսիական մշակութային պատմական դաշտում, հասկանում եմ, որ նույն ժամանակահատվածում Ալեքսանդր Դյուման գրում էր իր արկածային վեպերը, Վիկտոր Հյուգոն՝ իր, օրինակ, «Մարիոն դե Լորմը» և իր «Լուկրեցիա Բորջիան», Թեոֆիլ Գոթիեն՝ իր «Կապիտան Ֆրակասը», մի տեսակ ամեն անգամ նույն ցնցումն եմ ապրում», - ասաց Շուշանիկ Թամրազյանը:

Հարցին, թե որքանով է այսօր պահանջված բարձրարվեստ գրականությունը, նա արձագանքեց․ - «Ես դրա մասնագետը չեմ: Ես մեր հասարակության տարբեր շերտերի ընթերցասիրության հարցերով չեմ զգաղվում և չեմ ուսումնասիրում գրքի շուկան: Իմը ընթերցումներն են, շնորհանդեսներն են: Ես ամեն մի նոր սիրելի, հոգեհարազատ հեղինակ թարգմանելուց հետո չեմ կարող այլ կերպ վարվել՝ իմ առաջին մղումը գուցե փոքրաթիվ ընթերցողների հետ կիսելն է, նրանց ներկայացնելը հենց հեղինակին։ Առայժմ ունեմ իմ լսարանը, այսինքն՝ հեղինակներն ունեն: Նայած ով ինչ ընթերցող է փնտրում, այսօր ինչ գրականություն է կարդում: Ընթերցողները շատ են։ Իհարկե, ինչպես բոլոր ժամանակներում, բարձրաճաշակ պոեզիա հասկանալու համար հսկայական պաշար պետք է ունենալ, գիտելիք: Մեր տեղեկատվական տարափի, հեղեղի մեջ դժվար չէ մոլորվել և կորցնել դեպի պոեզիա տանող ուղին»:

Շուշանիկ Թամրազյանը գտնում է, որ նաև ինքը պետք է ուղղուրդի ընթերցողին․ - «Եվ իմ անելիքը փորձում եմ անել համալսարանում որպես դասախոս, որպես թարգմանիչ, որպես գրող, որպես ընկեր: Բայց ոչ միայն ես անշուշտ: Չեմ կարծում, որ այսօր բարձրաճաշակ գրականության պակաս կա, այսօր ճաշակը կրթելու խնդիր կա: Որովհետև արհեստականորեն, ոչ իմ գրչակիցների կողմից գրական ասպարեզ են մտցվում անուններ, վերանագրեր, որոնք, անշուշտ, իրենց տեղն ունեն գրական դաշտում, բայց ամենևին առաջնային չեն իրենց գեղարվեստական արժեքով: Ես միշտ մտածել եմ և շարունակում եմ մտածել, որ իսկական գրականությունը գովազդի կարիք չունի և գտնում է իր ընթերցողին»: