ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձել են կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին:

Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվել են առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ:

Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունել են երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը: