Իսրաելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին լիազորել է կոալիցիոն կառավարություն կազմել:
Նախագահն այդ առաջարկով դիմել է Նեթանյահունին այն բանից հետո, երբ «Լիկուդ» կուսակցությունը ներկայացնող գործող վարչապետը չի կարողացել ընտրություններում իր հիմնական մրցակից, «Կապույտ և Սպիտակ» կուսակցության լիդեր Բենի Գանցի հետ համաձայնեցնել միասնության կառավարություն կազմելու տարբերակը:
Փորձերը ձախողվել են, թեպետ Նեթանյահուն Գանցի հետ հանդիպելուց առաջ հրապարակավ հայտարարել է, որ հարկ է հաշվի առնել Իրանից բխող վտանգի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջիկայում հրապարակելիք Մերձավոր Արևելքում խաղաղության ծրագրի հանգամանքները և միասնության կառավարություն կազմել:
Արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել անցած շաբաթ, դրանց արդյունքում առաջատար կուսակցույունները չեն վաստակել սեփական ուժերով կառավարություն կազմելու համար անհրաժեշտ թվով քվեներ:
Նեթանյահուն հիմա ունի 28 օր կառավարություն կազմելու համար: Բացի այդ, նախագահը նրան կարող է հրամանագրով ևս երկու շաբաթ տրամադրել:
Եթե կոալիցիոն կառավարության գործարքը ձախողվի, նախագահը կառավարություն կազմելու առաջարկ կներկայացնի խորհրդարանի մեկ այլ պատգամավորի: