Վաղվանից մեկնարկում են Կոմիտասի 150-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները

Սեպտեմբերի 26-ին լրանում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը:

Այս տարին ի սկբանե կոմիտասյանական էր հռչակված․ տարեսկզբից մինչև այժմ բազմաթիվ համերգներ, գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ ու հանդիպումներ են անցկացվել ամենատարբեր հաստատություններում, այդ թվում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Բայց, ինչպես այսօր թանգարան-ինստիտուտում հրավիրված ասուլիսին շեշտադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը․ - «Վաղվանից արդեն պաշտոնապես սկսում ենք նշել Կոմիտաս վարդապետի 150-ամյակը: Իհարկե անցած ամիսների ընթացքում հսկայական աշխատանք է տարվել տարբեր կազմակերպությունների կողմից, կառավարական, պետական հանձնաժողովի կողմից, բայց առաջիկա շաբաթները կուլմինացիոն են լինելու: Ինչպես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներն անցնում են ՅՈւՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո, այնպես էլ Կոմիտասի տարեդարձի այս հոբելյանական միջոցառումները․ ամսի 18-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունենալու երկու միջոցառում, որոնցից մեկը նվիրված է լինելու Թումանյանին, ցուցադրություն է լինելու, և համերգ նվիրված Կոմիտասին»:

Եվ այսպես, Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված փառատոնի բացումը կկայանա վաղը երեկոյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական համերգը կբացի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ և մենակատարների մասնակցությամբ:

Ի դեպ, կոմիտասյան հոբելյանական համերգին, ի թիվս մեր մենակատարների, հանդես կգան նաև արտասահմանից ժամանած մենակատարներ, ովքեր կներկայացնեն կոմիտասյան անմահ ստեղծագործությունների իրենց մեկնաբանությունները: Երևանում են դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայից, բարիտոն Լուկա Բրունոն Իտալիայից, տենոր Շտեֆեն Ֆինկեն Գերմանիայից և այլք:

Սեպտեմբերի 28-ին կոմիտասյան հոբելյանական մեծ գալա համերգ կկայանա նաև Գյումրիում:

«Հատուկ պետք է նշեմ, որ ամեն անգամ, երբ մենք աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, շահում ենք: Որովհետև նա թողել է էնպիսի ժառանգություն, որը զարմանք է պատճառել հատկապես Եվրոպայում: Եվ ապացուցել է, որ հայը ունի իր ոչ միայն գիր-գրականությունը, այլ ունի իր երաժշտությունը: Վաղվա օրը մի սուրբ օր է, որ էդպիսի հանճարեղ մարդը ծնվել է: Ծնվել է Քյոթահիայում՝ այնպիսի տեղ, որտեղ հայերեն նույնիսկ չի իմացել, հայերեն քիչ է լսել, բայց հետո էնպիսի մի հայ է ծնվել, որ բոլորիս պարծանքն է: Մենք պարտավոր ենք մեր երախտիքը հայտնել Կոմիտասին, որովհետև նա մեր ազգի պատիվը բարձրացրեց մի նոր աստիճանի, որը ոչ մի բանի հետ չես կարող համեմատել: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Կոմիտասը ոնց որ հիմա մեր գրաբար լեզուն է: Այսինքն՝ շատ քիչ է օգտագործվում, բայց էնպիսի թանկ, էնպիսի զարմանալի, հրաշագործ մի ձեռք է, որը մենք միշտ շահում ենք», - ասաց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանն իր հերթին ընդգծում է, որ հոբելյանական փառատոնի շրջանակներում համերգները կշարունակվեն նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիիում և Գանձասարում: Իսկ հետո՝ նաև արտերկրում:

«Հոկտեմբերի 1-ին և 2-ին մեր համերգները կշարունակվեն Արցախի հանրապետությունում: Կունենանք չորս համերգ, երեքը՝ հոգևոր համերգ, և մեկը ընդհանուր՝ բոլոր կոլեկտիվների մասնակցությամբ: Հետագայում կշարունակվի հոկտեմբերի 4-ին Կոմիտասի թանգարանում ելույթ կունենա Սվետլանա Նավասարդյանը: Փորձել ենք մաքսիմալ աշխարհագրական շառավիղը ընդլայնել, որպեսզի հավուր պատշաճի ներկայացվի Կոմիտասի միջոցով մեր բազմահազարամյա մշակութային ժառանգությունը, մեր երկիրը, մեր ազգային ինքնությունը», - ասաց Կոնստանդյանը:

Հոբելյանական հանդիսությունները համալրելու են նաև Կոմիտասի ստեղծագործական ժառանգությանը նվիրված հոբելյանական գիտաժողովները, որոնք անցկացվելու են այս անգամ Գերմանիայի համալսարաններում: Հոկտեմբերի 8-ին Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում կմեկնարկի «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը, որը կշարունակվի հոկտեմբերի 9-ին և 10-ին արդեն Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում:

Ինչպես ընդգծում էր այսօր կոմիտասյան հոբելյանական փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Մհեր Նավոյանը․ - «Կոմիտասը սոսկ իր ստեղծագործությունը չէ: Կոմիտասը մի ամբողջ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր է, և իր առնչություններով, իր հետաքրքրություններով, իր գիտական հետազոտություններով հայ մշակույթի գրեթե բոլոր շերտերն է ընդգրկում: 19-րդ դարավերջ - 20-րդ դարասկիզբ, եվրոպական նոր ձևավորվող երաժշտական մշակույթ․ ահա այս կոնտեքստի մեջ է տեղադրված ինքը, իր ժառանգությունը: Ե՛վ մեր փառատոնը, և՛ մեր գիտաժողովները անց ենք կացնում այս ձևաչափի մեջ»: