Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը այսօր կեսօրին վերսկսել է աշխատանքը` մի քանի շաբաթ շարունակված հարկադիր պարապուրդից հետո: Դա տեղի է ունեցել Միացյալ թագավորության Գերագույն դատարանի երեկ հրապարակված վճռից հետո, որի համաձայն խորհրդարանի աշխատանքի` վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից նախաձեռնած սառեցումը օրինական չէր:

Համայնքների պալատի աշխատանքին մասնակցելու նպատակով վարչապետ Ջոնսոնը ընդհատել է այցը ԱՄՆ և շտապ վերադարձել Լոնդոն: Խորհրդարանի աշխատանքը վերսկսվել է լարված մթնոլորտում: Դրա հիմնական պատճառը Գլխավոր դատախազ Ջոֆրի Քոքսի հուզական ելույթն էր, որի ընթացքում նա խորհրդարանը անվանել է «մեռած»:

«Այս խորհրդարանը պարզապես խայտառակություն է: Այն ցանկացած պահի կարող է կառավարությանը անվստահություն հայտնել, սակայն դրա անդամները չափազանց վախկոտ են դրա համար: Պատգամավորները կարող են համաձայնել Համայնքների պալատի լուծարմանը, բայց դրան էլ չեն գնա, քանի որ վախենում են առերեսվել սեփական ընտրազանգվածին», - նշել է Քոքսը: