Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով, իսկ «այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 միլիոն դրամի»։
Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու են օգտվել չարթերային չվերթից․ - «Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է։ Լոս Անջելեսում կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, այնտեղից ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։ Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երևան»։
Ըստ Կարապետյանի՝ առանց հատուկ թռիչքի կազմակերպման վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել։