Լոռու մարզպետը դատի է տվել Ալավերդու և Թումանյանի համայնքապետերին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դատի է տվել Ալավերդու և Թումանյանի համայնքապետերին, ովքեր չեն կատարում օրենքի պահանջն ու իրենց ենթակայության հիմնարկների կենսաթոշակի անցած տնօրեններին չեն ազատում աշխատանքից։

Թումանյանում համայնքապետը հրաժարվում է աշխատանքից ազատել իր տիկնոջը, որ գրեթե երեք տասնամյակ համայնքի ղեկավար ամուսնու ենթակայությամբ աշխատում է որպես մանկապարտեզի տնօրեն։ Ալավերդու համայնքապետը մարզպետի հորդորներից հետո անգամ չի ազատել նախկին պաշտոնյայի մորը։ Կրթության տեսչական մարմնի ստուգումներից հետո պարզվել է, որ կենսաթոշակի անցած տնօրենները օրենքի պահանջով պետք է աշխատանքից ազատվեին դեռ 2016 թվականին։

«Համայնքապետի պահվածքը և գործելաոճն ընդհանրապես չի համապատասխանում մեր այսօրվա պահանջներին և ինքը որևէ առնչություն չունի նոր Հայաստանի հետ, ինքը հին Հայաստանում դեռ ապրող մարդ է և չի պատրաստվում ազատել իր իսկ խոսքերով՝ «իր սեփական կնոջը» - նշեց Լոռու մարզպետը։

Թումանյան խոշորացված համայնքի հանրապետական ղեկավար Լևոն Զավարյանը, մինչդեռ, այստեղ օրենքի խախտում չի տեսնում։ Ասում է՝ անցած 30 տարիներին բացի իր կնոջից մասնագիտական կրթություն ունեցող տնօրենի այլ թեկնածու համայնքում չի եղել։ Ինքն առաջարկել, ավագանին նշանակել է մանկապարտեզի տնօրենի միակ թեկնածույին։

«Առաջին հերթին մասնագետ չկա մեր մոտ, նախադպրոցական կրթությունով մարդ չունենք», - ասաց Զավարյանը։

Մարզպետի հորդորներից հետո հարցը դրել է համայնքի ավագանու քննարկմանը։ Զավարյանն «Ազատությանն» ասաց՝ ավագանին մերժել է կենսաթոշակառու կնոջն ազատել մանկապարտեզի տնօրենի պաշտոնից։ Մինչդեռ դատարան հասնելուց հետո համայնքապետը նոր մասնագետ թեկնածու է գտել ու առաջիկայում կներկայացնի ավագանուն։

«Հաջորդ ավագանու նիստում որոշելու են ազատե՞ն, թե չէ՞։ Էս մի ավագանու նիստում մերժեցին, հիմա տվել է դատարան, դատարանը ոնց կասի այդպես էլ կանենք», - նշեց Թումանյանի համայնքապետը։

Մարզպետը շեշտում է, որ այստեղ օրենքի լուրջ խախտում է տեսնում և հետևողական կլինի, որպեսզի «օրենքը պահպանելուն կոչված համայնքապետերը օրինախախտ չդառնան»։

«Անցել են այդ ժամանակները, այլևս էլ հնարավոր չի հին մտածելակերպով և այդ կլանային և խմբային շահերը սպասարկելով չեն կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը, դա ուղղակի բացառված է, դա ընդամենը ժամանակի հարց է։ Իրենք կա՛մ կհասկանան դա, կա՛մ իրենց կհասկացնեն օրինապահ մարմինները։ Շատերը կարող են ասել, որ համայնքապետերը չեն ենթարկվում մարզպետին կամ ինչ-որ կա խնդիր, բայց ես չեմ պատրաստվում այդ խայծը, այսպես ասած, կուլ տալ և այն համայնքապետերը, որոնք փորձում են հին ոճով աշխատել, ես պատրաստվում եմ իրենց բացահայտել և հանձնել իրենց իսկ համայնքի բնակիչների դատին։ Էն համայնքապետերը, որոնք որ դա չեն հասկանա, իրենք կարճ ժամանակ հետո կզղջան դրա համար», - նշեց Ղուկասյանը։

Անդրեյ Ղուկասյանը կլանային համակարգի դրսևորման կոնկրետ օրինակներ ունի։ Ստեփանավանի համայնքապետի բազմաթիվ մերձավորներ քաղաքում տարբեր հիմնարկներ են տնօրինում։ Անգամ նրանց նկատմամբ յուրացումների հոդվածներով քրեական գործերից հետո շարունակում են պաշտոնավարել։

«Այդ կլանային մտածողությունը նախկին իշխանությունների ամբողջությամբ արտահայտվում է Ստեփանավան համայնքում։ Ստեփանավանի համայնքապետի որդին աշխատել է նախկին մեր սոցիալական ծառայությունում և որի վրա հարուցված է քրեական գործ, և պետությանը հասցված վնասը անցնում էր 500 միլիոն դրամը։ Նախկինում նույն ծառայությունում աշխատել է այժմյան համայնքապետը։ Բացի դա, համայնքապետի աղջիկը զբաղեցնում է մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, համայնքապետի քույրը զբաղեցնում է Ստեփանավան քաղաքի մշակույթի պալատի տնօրենի պաշտոնը, համայնքապետի հարսի քույրը զբաղեցնում է դպրոցի տնօրենի պաշտոնը, համայնքապետի խնամին՝ տղայի կնոջ մայրը, նույնպես զբաղեցնում է դպրոցի տնօրենի պաշտոն և հնարավոր է էլի բարեկամներ կան, ես տեղյակ չեմ», - նշեց Լոռու մարզպետը։

Վերջերս Ստեփանավանի թիվ 3 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվեց համայնքապետի հարսի քույրը, թեև չարաշահումների համար իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո վերականգնեց պետությանը հասցված վնասի մի մասը։

«Միանշանակ է, որ նման քրեական գործերով անցնող տնօրենները, բոլորն անխտիր, այլևս չպետք է հնարավորություն ունենան զբաղեցնելու տնօրենի պաշտոնը», - ասում է Անդրեյ Ղուկասյանը։