Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացման համար անհրաժեշտ ծախսերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարությանը հանձնարարել է Ռուսաստանի բյուջեի հաշվին ֆինանսավորել Աբխազիայի բանակի արդիականացման համար անհրաժեշտ ծախսերը։

Ավելի վաղ՝ օգոստոսին, Ռուսաստանի և Աբխազիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգունը և Մերաբ Քիշմարիան երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու և աբխազական բանակը արդիականացնելու մասին համաձայնագրի նախագիծ էին ստորագրել։

Նախագահի հանձնարարականից հետո նրանք արդեն պետք է ստորագրեն նաև համաձայնագիրը։

Հիշեցնենք՝ 2016 թվականին Ռուսաստանի պետդուման վավերացել էր միասնական ուժերի մասին համաձայնագիրը Աբխազիայի հետ։ Համաձայնագիրը ենթադրում է, որ ռուս- աբխազական համատեղ ուժերը սպառնալիքի կամ պատերազմի դեպքում պետք է լինեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից նշանակված հրամանատարի ենթակայության տակ։

Ռուսաստանի կողմից Աբխազիայի զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման մասին համաձայնագիրը ի թիվս այլ բաների թույլ կտա ձեռք բերել արդիական սպառազինություն աբխազական բանակի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին այսօր ասել է այդ չճանաչված հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Աբխազիայի պաշտպանության նախարարությունը շատ չի մանրամասնում, թե ինչ գումարի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ ռուսական կողմը ֆինանսավորելու է նաև աբխազական բանակի ծառայողների աշխատավարձն ու սոցիալական ծախսերը։

2008 թվականին ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Մինչ օրս Ռուսաստանը ֆինանսական օգնություն է տալիս այս երկու չճանաչված հանրապետություններին, մասնավորապես վերջին երկու տարիներին միայն Աբխազիայում, որտեղ բնակվում է մոտ 250 հազար մարդ, Ռուսաստանից ստացել է առնվազն 1 միլիարդ դոլար օգնություն։

Ռուսաստանից բացի Աբխազիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան, Նաուրոն, ՄԱԿ-ի անդամ ևս երկու փոքրիկ պետություններ Վանուատուն և Տուվալուն ևս ճանաչել էին Աբխազիայի անկախությունը, սակայն հետո հրաժարվել։

Ռուս-վրացական պատերազմի նախօրեին Աբխազիայի բնակչության մեծ մասն ուներ Ռուսաստանի քաղաքացիություն։