Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց «Արմենիա» երաժշտական միջազգային 3-րդ փառատոնը, որը նախաձեռնել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Փառատոնի առաջին համերգը ղեկավարում էր հանրահայտ դիրիժոր Կոնրադ Վան Ալֆենը: Ծրագրում Մենդելսոնի, Շորի, Շչեդրինի, Պրոկոֆևի ստեղծագործություններն էին:

Մենակատարներն էին անվանի ջութակահար, Եղիսաբեթ թագուհու մրցույթի դափնեկիր Անդրեյ Բարանովը և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկած «Արմենիա» միջազգային երաժշտական 3-րդ փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 26-ը՝ այդ հինգ օրերի ընթացքում մեր երաժշտասերներին մատուցելով բարձրավեստ համերգներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների մասնակցությամբ:

Այս երեկո պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Թբիլիսիում ծնված, բայց 17 տարեկանից ընտանիքով Փարիզում բնակություն հաստատած և մասնագիտական կրթություն ստացած անվանի երգչուհի Աննա Կասյանը:

«Ազատության» հետ զրույցում Կասյանն ասաց, որ միշտ մեծ ուրախությամբ է գալիս Հայաստան: Հարցին, թե ինչ ծրագրեր ունի այս փառատոնից հետո, երգչուհին պատասխանեց․ - «Ամսի 21-ին Կոպենհագենում «Սևիլյան սափրիչում» պրեմիերաս էր Ռոզինայում: Վաղը այստեղից գնում եմ Կոպենհագեն, մյուս օրը էլի ներկայացում ունեմ: Սեպտեմբերի 28-ին շատ մեծ կոնցերտ ենք տալիս Փարիզում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ մեր երաժշտասեր հասարակայնությունն այս օրերին հնարավորություն ունի ունկնդրել բարձրակարգ երաժիշտ-կատարողների․ - «Ունենք փառահեռ մենակատարների փունջ, փառահեղ ծրագիր: Եվ իսկապես լիիրավ կարող եմ ասել, որ սա միջազգային ֆեստիվալ է, ու շատ կարևորում եմ անվան մեջ «Արմենիա» բառը»:

Հարցին, թե ինչպես է համատեղելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի և Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնները, Սմբատյանն արձագանքեց․ - «Պետք է փորձեմ այդ եվրոպական շունչը, քանի որ մենք խոսում ենք լիիրավ եվրոպական նվագախմբի մասին, Մալթան անցած տարի մշակույթի եվրոպական մայրաքաղաքն էր, կփորձեմ բոլոր լավագույն միջազգային, եվրոպական տրադիցիաները բերել Հայաստան: Իսկապես դա ինձ համար մեծագույն պատասխանատվություն է»:

Հարցին, թե հնարավոր է, որ Մալթայի նվախումբը հյուրախաղերով գա Հայաստան, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց․ - «Պետք է մեծ սիրով հրավիրեմ: Շատ լավ, ունիկալ ոճի նվագախումբ է: Նաև, մենք շատ ենք ելույթ ունեցել Մալթայում, մենք արդեն զարմացրել ենք Մալթային, մնում է Մալթան զարմացնի մեզ»: