Նախատեսվում է ավելացված արժեքի ժամկետանց պարտք՝ մոտ 56 միլիարդ դրամ վերադարձնել 2835 տնտեսվարողների։
Օրինագիծը ներկայացնելիս Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց․ - «Մյուս կարևոր քայլը, որ կատարվում է այստեղ․ երբ որ 20 միլիոն սահմանաչափը, որ այսօր սահմանված է այդ գումարների վերադարձման համար, այսինքն՝ պարզեցված ընթացակարգով, առանց ստուգումների և ուսումնասիրությունների, այդ սահմանաչափը կրկնակի անգամ բարձրացվում և սահմանվում է 40 միլիոնի չափով»:
Բյուջեից գումար ստացող տնտեսվարողների շարքում 183-ը խոշորներ են: Ովքե՞ր են նրանք․ տնտեսվարողների ցանկը հրապարակելու հորդոր պետեկամուտների կոմիտեին հղեց Մանե Թանդիլյանը («Լուսավոր Հայաստան»)․ - «Այդ գումարներից զգալի գումար՝ մոտ 1,5 միլիարդ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որը այս պահին լուծարման մեջ չէ, սնանկության մեջ չէ: Եվ ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, ում կազմակերպության վերադարձնելու ենք այս գումարները»:
Թանդիլյանն առաջարկեց դադարեցնել քննարկումն ու քվեարկությունը և փակ ռեժիմով բացահայտել խոշորների ցանկը․ - «Ակնհայտորն սա անընդունելի պրակտիկա է, որ մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտենք ում: Նորից եմ ասում՝ ունենք տվյալներ, որոնց համապատասխան մարդիկ, ովքեր թալանի միջոցով կուտակել են հարստություն և այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, մենք ուղղակի չենք կարող նրանց մեր տնտեսությունից, բյուջեից վերադարձնել գումարներ»:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդմիջում խնդրեց, որից հետո ողջ կազմով կողմ քվեարկեց նախագծին:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանից որևէ բան գաղտնի մնալ չի կարող, և այս մասին պայմանավորվել են նաև Պետեկամուտների կոմիտեի հետ․ - «ՊԵԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ նաև այս օրենքով սահմանված կարգով, 40 միլիոն դրամից բարձր այն ընկերությունները, որոնք պետք է գումարը ստանան, պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրությամբ, որի շրջանակներում նաև կարող են լինել պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ: Այս առումով ես կարծում եմ, որ այն ընկերությունները, որոնք արտոնյալ պայմաններում, ժամանակին մոնոպոլ դիրք են ունեցել կամ այլ դիրք են ունեցել, որում որ այս գումարները գոյացրել են, այս գումարները չպետք է ստանան»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայլել Մելքումյանը կիսում էր ընդդիմադիր գործընկերների մտահոգությունը․ - ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հետևողականորեն պահանջելու է իր խորհրդարանական վերահսկողության շրջանակներում, որպեսզի Պետեկամուտների կոմիտերի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում այդ բոլոր տվյալները՝ կլինի փակ, կամ այն մասով, որ բաց է, եթե փակ է, ստանանք մենք»:
Կառավարության հիմնավորմամբ, Հարկային օրենսգրքի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ այսօր բյուջեն ունի բավարար ֆինանսական միջոցներ: Հարկ վճարողներին գումաները վերադարձնելով՝ ակնկալում են , որ նրանք այդ փողերը կուղղեն դեպի տնտեսություն։