Երեկ ժամը 16-ի սահմաններում արցախա-ադրբեջանական փման գծի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանցիները ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչից հետո Պաշտպանության բանակի դիրքապահները պատասխան քայլերի են դիմել: Ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողնել է մեկ դի, իսկ Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: [Տեղի է ունեցել] այն, ինչ միշտ տեղի է ունենում, որովհետև մենք նույն հակառակորդը ունենք՝ նույն տեսլականով, նույն ցանկություններով, նույն ծրագրերով, նույն նպատակներով», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա չի բացառում, որ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։
Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Նյու Յորքում արդեն մեկնարկել է։
«Սովորաբար Ադրբեջանը նման հանդիպումների նախօրեին կամ դրա ժամանակ, դրանից անմիջապես հետո դիմում է այդպիսի քայլերի: Բայց դա դրանով չի պայմանավորված: Պայմանավորված է նրանով, որ նրանց մոտ հայատյացությունը պետական քաղաքականություն է, և այն այն դրսևորվում է այս ձևերով ևս: Որևէ տրամաբանություն չկա այստեղ», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը:
Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրութունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը: Սակայն, ըստ ադրբեջանական կողմի՝ որևէ դիվերսիա չէր եղել, իսկ զինվորը մոլորվել էր և սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:
Ադրբեջանը դիմել է Կարմիր խաչին՝ զինվորի մարմինը չեզոք գոտուց դուրս բերելու համար։
Դավիթ Բաբայանը բացառում է, որ հայկական կողմը չկարողանար մոլորված զինվորին տարբերել դիվերսիոն գործողություն իրականացնողից․ - «Գցել նորից մեղքը մեզ վրա՝ իհարկե դա անմարդկային է, բայց սա Ադրբեջանի գործելաոճն է: Որովհետև ո՞նց պիտի արդարացնեն իրենց կորուստները այս զինվորականի ծնողների, բարեկամների առջև, ինչի՞ համար է զոհվել: Դրա համար գցում են մեզ վրա՝ դրանով իսկ հայատյացությունը է՛լ ավելի ուժեղացնելով: Բազմաթիվ անգամ և՛ մոլորված զինվորներ են անցել, և՛ գիտակցաբար են անցել մեր կողմը ադրբեջանցի զինվորներ, մենք երբևէ նրանց վնաս չենք հասցրել: Որովհետև մեր աշխարհընկալումը, մեր քաղաքակրթությունն այլ է»:
Ըստ մասնագետների, արցախա-ադբեջանակն շփման գծում վերջին խոշոր դիվերսիան տեղի էր ունեցել 2017 թվականի փետրվարին: Այդ անհաջող փորձից հետո ադրբեջանական կողմը ընդհանուր առմամբ խուսափել է նման գործողություններից։
Քաղաքական մեկնաբար Հակոբ Բադալյանի կարծիքով, հավանական պատճառն այն է, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը սահմանը հագեցրել է վերահսկման տեխնիկական նոր համակարգերով․ - «Ապրիլյան պատերազմից հետո իսկապես տեղի ունեցավ հայկական առաջնագծի ռազմատեխնիկական համալրում և հետախուզական կարողությունների ուժեղացում: Հայկական կողմը պաշտոնապես հայտարարում էր, որ հիմա ունեն խորքային հետախուզություն իրականացնելու և նույնիսկ ամենախորքում կատարվող շարժերը արձանագրելու հնարավորություն»:
Բադալյանը ևս կարծում է, որ Ադրբեջանի երեկվա դիվերսիոն փորձը ուղիղ կապ ունի այսօր քիչ առաջ մեկնարկած արտգործնախարարների հանդիպման հետ․ - «Այդ դիվերսիայի փորձերը Արդբեջանի համար որևի հուսահատության դրսևորման նշանակություն ունեն նախարարների հանդիպումից առաջ: Դա թերևս պայմանավորված է նրանով, որ զուտ օրակարգային առումով Բաքվի ակնկալիքները այդ հանդիպումների ընթացքում բացարձակապես չեն արդարանում, և փորձ է արվում այսպիսի քայլերով որոշակիորեն շանտաժ անել թե՛ հայկական կողմին, թե՛ համանախագահներին»: