Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում է ամերիկյան մամուլում հայտնված այն պնդումները, թե հուլիսին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում, փորձել է ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի ուկրաինացի իրավապահները սկսեն հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու` Ուկրաինայում ծավալած բիզնես գործունեությունը:
«Ես որևէ սխալ բան այդ հեռախոսազրույցի ժամանակ չեմ ասել: Իսկ այն ինչ Բայդենն է անում՝ շատ անազնիվ է: Ամեն դեպքում ես ո՛չ նրան, ո՛չ էլ նրա ընտանիքին վնասելու ցանկություն չունեմ», - կիրակի երեկոյան Վաշինգտոնում հայտարարում էր Դոնալդ Թրամփը:
Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցի շուրջ սկանդալը ծագեց անցած շաբաթավերջին ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներում, մասնավորաբար New York Times-ում և Washington Post-ում հայտնված հրապարակումներից հետո, որոնց համաձայն Թրամփը Ուկրաինայի նախագահի հետ զրույցի ընթացքում հորդորել էր նրան հետաքննել նախկին փոխնախագահ և 2020-ի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրման համար պայքարող Ջոզեֆ Բայդենի որդու` Հանթերի գործունեությունը ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի` «Բուրիսմայի» տնօրենների խորհրդում:
Հակառակ պարագայում, ըստ լրատվամիջոցների, Թրամփը սպառնացել էր Ուկրաինային զրկել ամերիկյան ռազմական օգնությունից, որի ընդհանուր ծավալը 250 միլիոն դոլար է կազմում:
Ամերիկյան մամուլի տեղեկություններով ուկրաինացի պաշտոնյաների հետ այս թեմայով զրուցել էր նաև Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, այժմ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին:
Վերջինը CNN-ի եթերում սեպտեմբերի 19-ին սկզբում հերքեց, որ ուկրաինացիներին խնդրել է ուսումնասիրել Հանթեր Բայդենի գործունեությունը, հաշվված վայրկյաններ անց էլ` հանդես եկավ տրամագծորեն հակառակ պնդմամբ:
Դոնալդ Թրամփի անվան շուրջ ծագած այս սկանդալային պատմությունը և դրա սրընթաց զարգացումը պաշտոնական Կիևին ստիպեցին չսպասել աշխատանքային շաբաթվա մեկնարկին: Շաբաթ օրը ուկրաինական հեռուստաալիքներից մեկի երեկոյան եթերում երկրի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն նշում էր․ - «Բոլորը հետաքրքրվում են` նախագահ Թրամփը, նրա խորհրդական Ջուլիանին, թերթերը, դեմոկրատներն ու հանրապետականները` արդյո՞ք Ուկրաինայի վրա ճնշում է գործադրվել: Մենք անկախ պետություն ենք և մենք մեր գաղտնիքները ունենք: Մեր նախագահը իրավունք ունի զրուցել այլ պետության ղեկավարի հետ այնպես, որպեսզի այդ խոսակցության գաղտնիությունը չխախտվի: Այդ նախապայմանն է, որ հնարավորություն է տալիս պետությունների ղեկավարներին զգայուն հարցերի շուրջ տեղեկատվություն փոխանակել: Ամերիկացի հետաքննիչները իրենց համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն Միացյալ Նահանգների տարածքում: Եվ եթե որևէ մեկին թվում է, որ մեր նախագահի վրա ճնշում է գործադրվել, նրանք նախ պետք է դա ապացուցեն: Ես տեղյակ եմ թե ինչի մասին էր այդ հեռախոսազրույցը և կարծում եմ, որ այնտեղ ճնշում չկար», - հայտարարում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը: