Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջոզեֆ Բայդենը պահանջել է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու` հուլիսին կայացած հեռախոսազրույցի սղագրությունը:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության տրամադրումը, եթե ուկրաինացի իրավապահները չհետաքննեն Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Հանթերի գործունեությունն Ուկրաինայի տարածքում: Տարիներ առաջ Բայդենի որդին աշխատել է ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի տնօրենների խորհրդում:
«Նախագահ Թրամփը պետք է անհապաղ հրապարակի հեռախոսազրույցի սղագրությունը, որպեսզի ամերիկացիներն ինքնուրույնաբար կարողանան պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել», - նշել է Բայդենը: