«Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավարի խափանման միջոցի քննությունը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն երկրորդ օրն հետաձգվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմ, գործարար Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։ Քննչական կոմիտեն միջնորդել է, որպեսզի գործարարը կալանավորվի։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զարմացել է՝ ինչո՞ւ է Առուստամյանի մեղադրանքի վերաբերյալ հոդվածներում նրա անվան հետ միասին Ծառուկյանի անունը շեշտվում․ - «Գիտե՞ք ինձ համար ինչն է անհասկանալի, որ չեն ասում՝ մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Սեդրակ Առուստամյանին: Ասում են՝ Ծառուկյանի․․․ ի՞նչ են դրանով ուզում ասել։ Ի՞նչ են ակնարկում, քաղաքացի է: Այ սա ինձ համար անընդունելի է»:

Սեդրակ Առուստամյանը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որի մեջ ընդգրկված են քսանից ավելի ընկերություններ։ Նրա դուստը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է:

Գործարարը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար: Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, Առուստամյանի և այլ անձնանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբրև թե մատուցված ծառայությունների համար դուրս է գրվել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մաս փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Երեկ «Ազատությանը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ այս պահին հրաժարվում են Առուստամյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ գործը իրավական տիրույթում է։

Գևորգ Պետրոսյանը նույնպես հարցը քաղաքակական տիրույթում չի դիտարկում․ - «Մեր թիմակիցն է, իմ ավագ ընկերն է Առուստամյան Սեդրակը: Ես երբեք էդ մարդը չեմ, որ էսօր իր նկատմամբ հետապնդում կա, ես սկսեմ հետ կանգնել։ Այո, մեր հարգարժան ընկերն է, գործընկերն է, ես էսքան ժամանակ իրեն ճանաչել եմ օրինապաշտ մարդ: Եկենք հարգենք անմեղության կանխավարկածի սկզբունքը: Դուք շատ լավ գիտեք, դուք շատ լավ տեսնում եք, որ այսօր շատ դեպքեր են լինում, երբ ավելորդ աղմուկ է բարձրանում, հետո պարզվում է, որ մարդը բացարձակապես մեղավոր չէ այն ամենի մեջ, ինչի մեջ իրեն հասարակությունը այնպիսի տրամադրություններով էր սնվում, որ անպայման հակված էր մեղադրել: Եկեք հարգենք անմեղության կանխավարկածը»:

Առուստամյանի հետ միասին մեղադրանք է առաջադրվել 2008-2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանին, ինչպես նաև գործարար Սուրեն Ավագյանին։ Քննչական կոմիտեն նրանց կալանավորման համար ևս միջնորդություն է ներկայացրել։

«Հյուսիս-հարավի» գործով մեղադրյալների թիվն արդեն 15-ի է հասել, հարցաքննվածների թիվն անցնում է 1000-ը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։

2012-2016 թվականներին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը քրեական գործում վկայի կարգավիճակ ունի։

Թեև հսկայական ծրագրի շինարարության ավարտը նախատեսվում էր 2019 թվականին, սակայն մինչև այս պահը ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհից ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։