Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունը, հայտնում են, որ պաշտոնական Բաքուն ևս հաստատել է՝ նախարար Մամեդյարովը Նյու Յորքում նախ սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա սեպտեմբերի 23-ին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ:
Երևանն ու Բաքուն վերջին անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցել են անցած հունիսին՝ Վաշինգտոնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք է մեկնելու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։