Այսօր հայտնի կդառնան «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրների անունները

Այսօր Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կամփոփվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որը մեկնարկել էր մեկ շաբաթ առաջ:

Այս երեկո փառատոնի միջազգային ժյուրին կհայտարարի հաղթած ֆիլմերի և դրանց հեղինակների անունները:

Փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ «Ֆիլմադարան» կոչվող կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Գարեգին Զաքոյանի նախաձեռնությամբ ստեղծված և այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ աջակիցներ գտած վավերագրական ֆիլմերի միջազգային այս փառատոնն այս տարի մասնակցության 300 հայտ էր ստացել, փառատոնի մասնակցության համար ընտրվել են ինը կարճամետրաժ և տասնմեկ լիամետրաժ վավերագրական ֆիլմ:

Փառատոնի բացմանը, Վարդիկյանի փոխանցմամբ, շատ ուշագրաֆ ֆիլմ է ցուցադրվել․ - «Բացման ֆիլմը մեզ մոտ Ալեքսանդր Ռաստորգուևի՝ անվանի ռուս վավերագրողի «Վերջին օրը» ֆիլմն էր, որը մենք ընտրել էին երկու պատճառով: Նախ՝ որովհետև ֆիլմը հայկական թավշյա հեղափոխության մասին է, ու շատ հետաքրքիր է արտասահմանցու աչքերով այդ ամեն ինչը տեսնելը: Եվ երկրորդը՝ որովհետև, ցավոք սրտի, Ռաստորգուևը անցյալ տարի Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում զոհվել է հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ, և մենք որոշեցինք այսպիսով հարգանքի տուրք մատուցել: Մասնակիցները այս տարի 15-ն են, եկել են Բելառուսից, Իրանից, Ռուսաստանից, Սերբիայից: Եվ Հայաստանից մասնակիցներ ունենք՝ չորս ֆիլմ»:

Խոսելով փառատոնի ժյուրիի մասին՝ Արթուր Վարդիկյանն ասաց․ - «Միջազգային ժյուրի է, որի մեջ ներառված էին կինոպրոդյուսերներ, կինոգետներ Ռուսաստանից, Սերբիայից, Իրանից»:

Փառատոնն անցկացվում է Ուջան գյուղում, որտեղ մեկ շաբաթ ապրում են կինոփառատոնի մասնակիցները:

Փառատոնի ավարտից հետո հաղթած ֆիլմերը կցուցադրվեն մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում:

Արթուր Վարդիկյանի խոսքով, այն փաստը, որ վավերագրական ֆիլմերի միջազգային այս կինոփառատոնն անցկացվում գյուղում, արդեն իսկ եզակի երևույթ է․ - «Մասնակիցները ապրում են գյուղացիների հետ, ամեն օր հաց են կիսում նրանց հետ: Ամեն երեկո բացօթյա ցուցադրություններ ենք ունենում: Արտասահմանցիները կարողանում են ծանոթանալ իսկական հայկական կենցաղին, մշակույթին, հայ գյուղացու կյանքին: Գյուղացիները, իրենց հերթին, և՛ ֆիլմերն են դիտում, և՛ արտասահմանցիների հետ են ծանոթանում: Վերջին 3-4 տարիների ընթացքում ամենատարբեր երկրներից են եկել՝ Ճապոնիայից,Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից: Մեր ֆիլմերի ընտրությունն էլ պատահական չէ: Այնպիսի ֆիլմեր ենք ընտրում, որոնք շատ մեծ տեղեկատվություն ունեն աշխարհի մասին: Սուր քաղաքական թեմաներով ֆիլմեր կան, սոցիալական հարցերով: Կան էքսպերիմենտալ ֆիլմեր կան»:

Այս տարվա փառատոնի վրա, Վարդիկյանի խոսքով, «զգացվում է թավշյա հեղափոխության ազդեցությունը»․ - «Բացման ֆիլմն էր այդպիսին: Եվ մեկ ուրիշ ֆիլմ՝ ռուս Անդրեյ Կիսելյովի «Ծննդյան օրը» ֆիլմը նույնպես հետհեղափոխական Հայաստանի մասին է: «Դեկտեմբեր» ֆիլմը Արման Հարությունյանի, որը «Ոսկե ծիրանին» էլ էր մասնակցել, հեղափոխության մասին է»: