«Պետությունը պետք է բոլորին ուշադրություն դարձնի». զոհված զինծառայողների մայրերն ու այրիները՝ կառավարության շենքի դիմաց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմում է զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին, Երևան, 19-ը սեպտեմբերի, 2019թ․

Կառավարության շենքի առջև վաղ առավոտից խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ու այրիներն էին։ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով հայտնի է «Մառոզ» անունով, նստել էր կառավարության շենքի մուտքի դռների մոտ, պնդում էր՝ զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ իր բոլոր նամակները կառավարություն մնացել են անպատասխան։

Խաչատրյանն ասում է՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ տրամադրվեց։ «Ես ցավակցում եմ այդ մայրերին, նորից ու նորից կրկնում եմ՝ ես չեմ ուզի, որ մի երիտասարդ զոհվի, բայց եթե նրանց տվել ես, ծառայողական պարտականությունները կատարելուց նույն տղաներին էլ ակնկալում եմ տրամադրել 30 միլիոն։ Դիմումիս պահանջում եմ հրատապ պատասխան», - հայտարարեց նա։

Սևազգեստ մայրերն ու զոհվածների այրիներն ասում էին՝ իրենց պահանջը պետության հավասար վերաբերմունքն է, այդ պահանջը հիմա են բարձրաձայնում, քանի որ լսել են՝ պետությունը ֆինանսական խնդիր չունի։

«Բոլորին ուշադրություն դարձնի, էդ 30 միլիոնը բոլոր զոհված զինվորի ընտանիքներին պետք է բաժանվի», - ասաց հավաքվածներից մեկը։

Ըստ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի, խաղաղ պայմաններում զոհվածների թիվը 6 հազար 646 է։ Նրանց ընտանիքներն այժմ ամեն ամիս 30 հազար դրամ են ստանում։

«Կազմակերպություն ենք ղեկավարում, չկա այնպիսի օր, որ մեր զոհվածների մայրերը՝ կռացած, ծերացած, մեր դուռը չթակեն, չպահանջեն, որ ինչ-որ բանով մենք իրանց աջակցենք, լույսերն է անջատվել, կամ վառելիք չունեն, կամ հաց չունեն, հիվանդ են, դեղորայքի ճար չկա։ 30 հազարով այսօր ոչ մեկ չի կարող ապրել», - ասաց Խաչատրյանը։

Հավաքվածները խնդրեցին իրենց որևէ քաղաքական ուժի, անձերի հետ չկապել. «Մեր զոհվածների մամաներին, մեր սևազգեստ մայրերին չկապեք ո՛չ քոչարյանականներին, ո՛չ սերժականներին, ո՛չ նիկոլականներին։ Մենք մեր պատասխանն ենք ուզում»։

Կառավարության նիստի ավարտից քիչ անց հավաքվածներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց. «Ինչ ասում եք ճիշտ եք ասում»։

«Որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա սենց հարց եմ քննարկում, որովհետև ես համարում եմ, որ էս հարցը վաղուց պետք է լուծված լիներ, բայց ես ներողություն եմ խնդրում բոլորիցդ, որ ձեր հարցը մինչև այսօրվա դրությամբ լուծված չի», - նշեց վարչապետը։

Փաշինյանն ասաց՝ վարչապետ դառնալուց անմիջապես հետո առաջին որոշումներից է եղել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը ընդլայնելը։ Այս պահին հազար դրամների հիմնադրամից հատուցումներ են ստանում 2008 թվականից հետո սահմանը պաշտպանելիս հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհվածների ընտանիքները։ Փաշինյանը կրկնեց այն, ինչ նախկինում էր ասել՝ կառավարության խնդիրն է այդ վճարներն իրականացնել 90 -ականներից սկսած։

«Իմ խնդրանքը հետևյալն է՝ երբ որ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, ես ձեզ խնդրում եմ, որ ձեր ռեակցիան չլինի՝ «մենք վիրավորվեցինք, որովհետև այ նրա հարցը լուծեցիք, իսկ մեր հարցը չլուծեցիք»։ Ես ձեզ խնդրում եմ, որ ձեր ռեակցիան լինի այն, որ ինչ լավ է, որ Հայաստանում կառավարություն է ձևավորվել, որը հարցերը լուծելով հերթով գնում է։ Մեզ հնարավորություն տվեք, որ մենք էդ հարցերը հերթով լուծենք», - հայտարարեց վարչապետը։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին տրվող աջակցության տրամաբանությանը Փաշինյանը նշեց. «Մեր իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ գործերը Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնելու է, որ այդ գումարը ավելի շատ վճարենք»։

Բողոքի ակցիային ակտիվորեն մասնակցում ու ելույթներ էր ունենում Մանուել Մանուկյանը, որ ներկայանում է որպես «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» կազմակերպության նախագահ։ Նա «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ էր: Այնտեղ էր ծանր հոդվածներով մեղադրվող նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը Մեսրոպ Մանուկյանը, նրան վարչապետ Փաշինյանը ճանաչեց, չլսեց, այլ հարցրեց՝ ինչո՞ւ Գրիգորյանի ունեցվածքը չեն վաճառել ու այս մարդկանց բաժանել:

«Մինչև 2018 թվականը ինչի՞ չեք վաճառել էն թրերը, ոսկիները, փողերը։ Ի՞նչ եք եկել հիմա ինձանից ուզում», - հարցրեց Փաշինյանը։

Այնտեղ էր նաև «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության ղեկավար Սաթիկ Խլղաթյանը, որ «Ա1 պլյուս» հեռուստաընկերության կադրերում է։ 2012 Մալաթիա Սեբաստիա համայնքում մի խումբ կանանց հետ արգելում էր ՀԱԿ-ի թեկնածու Փաշինյանին քարոզարշավ իրականացնել։ Բոլորով պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանին։

Սաթիկ Խլղաթյանը վարչապետի հետ այսօրվա հանդիպումից էլ գոհ չէր. «Պատասխան չստացանք»։

Կառավարության շենքի բակում, օրվա աղմկոտ ակցիայից քիչ հեռու կանգնած էին էլի սևազգեստ մի քանի մայրեր։ Նրանք այստեղ գալիս են տարիներ շարունակ, բոլոր կառավարությունների օրոք, ամեն հինգշաբթի։ Նրանց պահանջը արդար դատաքննությունն է՝ պարզելու ովքեր են իրենց զինծառայող որդիներին սպանողները։

Զորամասում սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն ասաց․ «Պահանջում ենք, որպեսզի մեր էրեխեքին սպանողներին պատասխանատվության ենթարկեն, պատժեն»։

Նանա Մուրադյանը հարևան ակցիայի մասին ասաց՝ ֆինանսական հարցերի մասին նույնքան կտրուկ չէր արտահայտվի, բայց համաձայն է։

«Ես շատ դեմ եմ բարձրաձայնելուն, պետությունը պիտի ինքը մտածեր, որ ինքը սխալ բաներ է անում», - նշեց Մուրադյանը։