Ռոբերտ Օ՛Բրայենը՝ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով նոր խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն, Լոս Անջելես, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

Ռոբերտ Օ՛Բրայենը սեպտեմբերի սկզբին պաշտոնանկ արված Ջոն Բոլթոնին կփոխարինի Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց չորեքշաբթի երեկոյան Twitter-ում հրապարակված գրառմամբ:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ռոբերտ Օ՛Բրայենը, որն այժմ զբաղեցնում է պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի պաշտոնը, կնշանակվի Ազգային անվտանգության գծով խորհրդական: Ես Ռոբերտի հետ արդյունավետ աշխատանքի երկարատև փորձ ունեմ: Նա շատ լավ կաշխատի», - գրում էր Թրամփը:

Twitter-ում արված այս գրառման հրապարակումից մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահը Լոս Անջելեսում անձամբ ներկայացրեց Օ՛Բրայենին իր այցը լուսաբանող լրագրողներին:

«Ռոբերտ Օ՛Բրայենը, որ Ազգային անվտանգության գծով իմ նոր խորհրդականն է, բավական երկար ժամանակ է ինչ աշխատում է ինձ հետ պատանդների խնդրով, և մենք այդ հարցում շատ լավ արդյունքների ենք հասել: Մենք բազմաթիվ մարդկանց ենք տուն վերադարձրել, և ինչն ամենակարևորն է՝ մենք դա արել ենք առանց փրկագին վճարելու: Եթե դու փրկագին ես վճարում, ապա [պատանդառության դեպքերը] կրկնապատկվում են, եռապատկվում ու քառապատկվում», - հայտարարում էր Թրամփը՝ նշելով, որ իր շրջապատի շատ ներկայացուցիչներ ևս խորհուրդ են տվել Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում հենց Օ՛Բրայենին նշանակել:

«Բազմաթիվ մարդիկ, որոնց ես հարգում եմ, նշում էին, որ Օ՛Բրայենը պետք է համար մեկ ընտրությունը լինի այս պաշտոնում: Գիտե՞ք, ես կարծում եմ, որ իմ և Ռոբերտի միջև շատ լավ քիմիա կա, և կարծում եմ, որ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու: Նա շատ տաղանդավոր մարդ է», - նշում էր Թրամփը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականը ևս վերադասի հասցեին գովեստի խոսքեր շռայլելու առիթը բաց չթողեց:

«Նախագահի հետ աշխատելը մեծ պատիվ է: Ես ակնկալում եմ, որ ևս մեկուկես տարի մենք կաշխատենք այն հսկայական հաջողությունների պայմաններում, որոնք արձանագրել է մեր արտաքին քաղաքականությունը` նախագահ Թրամփի առաջնորդության ներքո: Ակնկալում եմ, որ այդ ամենը կշարունակվի», - հայտարարում էր Ռոբերտ Օ՛Բրայենը:

Նշենք, ի դեպ, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականը ի սկզբանե հասկացրեց, թե չի կրկնի իր նախորդի` Ջոն Բոլթոնի սխալը, հակամարտության մեջ մտնելով Պետդեպարտամենտի և անձամբ պետքարտուղարի հետ:

«Մենք մի շարք մարտահրավերների ենք բախվում, սակայն մի հիանալի թիմ կա, որն այսօր աշխատում է այդ բնագավառում: Խոսքը, մասնավորաբար, պետքարտուղար Փոմփեոյի, ինչպես նաև [պաշտպանության նախարար] Էսպերի և [ֆինանսների նախարար] Մնուչինի մասին է: Ես կաշխատեմ նրանց հետ, ինչպես նաև նախագահի հետ՝ Ամերիկայի անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտարարում էր Ռոբերտ Օ՛Բրայենը:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականը ծնունդով Լոս Անջելեսից է, ավարտել է Կալիֆորնիայի ամենահայտնի համալսարաններից մեկի` Բերքլիի համալսարանի Իրավաբանության բաժինը: 90-ականների կեսերից նա աշխատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, 2005-2006 թվականներին պաշտոնավարել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ․ այդ շրջանում, ի դեպ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ջոն Բոլթոնը: Հետագայում Օ՛Բրայենը աշխատանքի է անցել Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատում, իսկ 2013-2014 թվականներին համագործակցել է «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) հետ, այդ կառույցի պատվիրակության կազմում դիտարկելով Վրաստանում և Ուկրաինայում կայացած ընտրությունները: