Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը

Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում Ազգային ժողովին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

Այս տարվա հունիսի 24-ին ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Դեպքի առթիվ Արաբկիրի ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», այն նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր Արաբկիրի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, «իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով»:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, ԱԺ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչը) կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում: - «Այսպես՝ բաժնի վարիչը, <...> հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 - 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ»:

Այդպիսով, ըստ Քննչական կոմիտեի, ընդհանուր թվով 10 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է 12 միլիոն 338 հազար 500 դրամ` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ ԱԺ նախագահի հուշամեդալ և 75 հատ ԱԺ պատվո մեդալ ԱԺ աշխատակազմին մատակարարելու համար, սակայն մատակարարվել են նույն քանակի պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված` ընդհանուր 1 միլիոն 462 հազար 917 դրամ արժողությամբ մեդալներ:

Այսօր ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: