Յուրաքանչյուր ծխախոտային ապրանքատեսակ նույն վտանգներն է կրում իր մեջ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն

Հայաստանի կառավարությունը օրերս հավանության է արժանացրել փակ տարածքներում ծխելու սահմանափակումների մասին օրենքի նախագիծը: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասում է՝ սովորական ծխախոտից բացի, օրենքը կտարածվի նաև ծխախոտային բոլոր արտադրատեսակների, այդ թվում նաև էլեկտրոնային ծխախոտի, նիկոտինային փոխարինիչների վրա:

«Յուրաքանչյուր տեսակի ապրանքատեսակ, որը ծխախոտային ապրանքատեսակ է նույն վտանգներն է կրում իր մեջ, ինչպես և այն տրադիցիոն ծխախորը, որը մենք պատկերացնում ենք։ Այդ բոլոր սահմանափակումները պետք է կիառվեն նաև այդ տեսակի ապրանքատեսակների վրա», - նշեց Բազարչյանը։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների տարածքում արդեն հինգ մարդու մահվան դեպք է գրանցվել էլեկտրոնային սիգարետների օգտագործման պատճառով: Այսօր էլ Հնդկաստանի կառավարությունը հայտարարեց, որ արգելում է էլեկտրոնային սիգարետների արտադրությունը, ներմուծումը և վաճառքը՝ պնդելով, որ դրանք առողջության համար լուրջ վտանգ են ներկայացնում:

Հայաստանում էլեկտրոնային և նիկոտինային փոխարինիչներով ծխախոտի կիրառումը նույնպես գնալով տարածում է գտնում, բայց այնպես չէ, որ փողոցում ամեն քայլափոխի կհանդիպես ծխողների: Մեր այցելած փաբերում և ակումներում փաստեցին՝ իրենց այցելուներն էլ են օգտագործում այլ տիպի ծխախոտներ: Երևանի կենտրոնում գործող «Կալյումե» ակումբի մենեջերն ասում է՝ հաճախորդների գերակշիռ մասն ավելի շատ դեռ սովորական ծխախոտ է ծխում: Իրենք առայժմ խնդրում են այցելուներին, որ հնարավորինս քիչ ծխեն, սպասում են օրենքի ընդունմանը:

Էլեկտրոնային և բուրավետ ծխախոտները՝ վայփերը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ըստ առողջապահության նախարարության պաշտոնյայի, հիմնականում գրավում են երիտասարդներին՝ իրենց դիզայնով և ագրեսիվ մարքետինգով:

«Ամենավատը, որ երիտասարդներին, դեռահասների և կանանց է սկսում հրապուրել այս ապրանքատեսակը։ Հերիք է, որ դուք նայեք ինչ ձևով է փաթեթավորված, հերիք է, որ դուք տեսնեք ինչ տեսակի սարքեր են՝ գեղեցիկ, տարբեր գույների», - նշեց Բազարչյանը։

Ալեքսանդր Բազարչյանին հայտնի չէ այնպիսի վիճակագրական լուրջ ապացույց, որ էլեկտրոնային, այսինքն նիկոտին չպարունակող, հեղուկային նյութերով սիգարետները նպաստում են, որ մարդիկ քիչ ծխեն:

Հարցին, թե նարգիլե՞ն է շատ տարածված Հայաստանում, թե՞ էլեկտրոնային և այլ տիպի ծխախոտները, նախարարության պաշտոնյան պատասխանեց՝ սխալ է համեմատելը, նարգիլեն ամեն պահի ծխողի գրպանում չէ, որ, երբ ցանկանա ծխի: Ավելին՝ ծխելուց հրաժարվել ցանկացողները հաճախ գովազդի թակարդն են ընկնում ու կրկին անցնում ծխելուն՝ պարզապես այլ տիպի ծխախոտ օգտագործելով:

«Մարդկանց պատկերացմամբ ծխախոտը այն տրադիցիոն ծխախոտն է և իրենց թվում է, թե իրենք թողնում են ծխախոտը, անցնում են այլ տեսակի ապրանքատեսակների, օրինակ, էլէկտրոնային ապրանքատեսակների, իրենց թվում է դա ավելի առողջարար է, ավելի լավ է և այլն, բայց դա խաբկանք է։ Նախ, կախվածությունը մնում է, եթե նիկոտինի փոխարինիչներ են, և եթե դա այն էլեկտրոնային սիգարետն է, օրինակի համար, որը տաքացման միջոցով է օգտագործվում, ապա իրենք որևիցե ապացույց, որ իրենք ավելի քիչ վնաս են, քան հասարակ ծխախոտը, չկա», - ընդգծեց Բազարչյանը։

«Եղիր տեղեկացված» հասարակական կազմակերպության նախագահ Արուսիկ Մկրտչյանն օրինակ՝ հասարակական աշխատանքի, սոցիալական գովազդների, սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածմամբ է փորձում մարդկանց ներկայացնել առհասարակ ծխելու բացասական հետևանքների մասին: Ասում է՝ երիտասարդներին գրավում է, օրինակ, USB կրիչի տեսքով ծխախոտն ու ոչ միայն:

«Այս մարքետինգային իրենց ագրեսիվ քայլերը, որ արվում է՝ իբր մաքուր օդ և այլն, միգուցե երկրորդային ծխի առումով, այո, անվնաս է, սակայն հենց ծխողի համար մեծ վնաս է և այն երիտասարդ սերունդը, որը այս մարքետինգային քայլերին ավելի հակված է քայլ անել և սպառող դառնալ, բնականաբար, վտանգ է հենց նրանց համար», - ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է նարգիլեին, ապա ըստ Բազարչյանի, այն տուբերկուլյոզի տարածման պատճառ կարող է դառնալ, նարգիլեի ծխամորճը թեև փոխվում է, բայց գլանակում պահպանվում է խոնավությունը, հենց դա է վտանգավորը:

Առողջապահության ազգային ինստիտուտից դեռ չեն կարող ասել, թե էլեկտրոնային ու այլ տեսակի ծխախոտ այսօր երիտասարդների ու առհասարակ ծխողների քանի տոկոսն է օգտագործում, բայց ըստ իրենց, ավելի վաղ՝ 2015 թվականի ուսումնասիրությունների՝ բնակչության 2,5 տոկոսն է օգտագործել նարգիլե, իսկ 2017-ին արդեն 10 տոկոսից ավելին: Ընդհանուր ծխողների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է բնակչության 28 տոկոսը, որի 52 տոկոսը տղամարդիկ են, 2-ը՝ կանայքը: Մտահոգիչ է այն, որ ծխող է 17-ամյա դեռահասներից յուրաքանչյուր չորրորդը: