Ռուսաստանում մեծ թվով անվանի մարդիկ՝ արվեստագետներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, սոցցանցերում տեղադրած գրառումներով և տեսահոլովակներով իրենց համերաշխությունն են հայտնում դատարանի կողմից 3.5 տարվա ազատազրկման դատապարտված 23-ամյա երիտասարդ դերասան Պավել Ուստինովին:
Նրան մեղադրել են օգոստոսի 3-ի ցույցի ընթացքում իրավապահների կարգադրություններին չենթարկվելու և ոստիկանի առողջությանը վնաս հասցնելու մեջ:
Ուստինովի բարեկամները և գործընկերները պնդում են, որ դերասանն ընդհանրապես որևէ ապօրինի բան չի արել այդ օրը և նրան մեղադրել են բացարձակ անհիմն եղանակով:
Նրանց համոզմամբ, այդ անհարկի խիստ մեղադրանքի նպատակն է վախի մթնոլորտ ստեղծել ցույցերի մասնակիցների ու հատկապես արվեստագետների շրջանում:
Ուստինովին անհապաղ ազատ արձակելու կոչ են հնչեցրել արվեստագետներ Մաքսիմ Գալկինը, Սերգեյ Լազարևը, Դանիլա Կոզլովսկին, Կոնստանտին Ռայկինը և մի քանի տասնյակ հայտնի աստղեր:
Ռուսաստանցի անվանի իրավաբան Անատոլի Կուչերենան այսօր հայտնել է, որ հանդես կգա որպես Ուստինովի փաստաբան:
«Հիմա ես ուսումնասիրում եմ նյութերը և առաջիկայում բողոքարկելու եմ դատավճիռը»,- ասել է Կուչերենան: