Սիմպոզիումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը՝ Տավուշի մարզպետարանի հետ համատեղ:
Հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի գլխավոր համակարգող, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ միջոցառումը բացառապես հովանավորների աջակցությամբ է կազմակերպվել, պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել:
«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը տարիներ առաջ ստեղծել է Արմինե Թումանյանի ամուսինը՝ այսօր արդեն Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նպատակ ունենալով նպաստել Տավուշի մարզի բնակչության հոգևոր-մշակութային զարգացմանը:
Արմինե Թումանյանը բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել թե՛ որպես գեղանկարչուհի, թե որպես համադրող: Նա է, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի ցուցասրահի համադրողն է:
Նրա ջանքերով այս տարի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանի նկարիչների միության տավուշյան մասնաճյուղը:
«Ես շփվեցի մի քիչ տեղացի նկարիչներ հետ և հասկացա, որ այնտեղ պետք է մի փոքրիկ հեղափոխություն անել, փոքրիկ մշակութային նորամուծություններ անել: Այս տարվանից նաև ղեկավարում եմ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը և այդ հիմնադրամի շնորհիվ մշակութային տարբեր ծրագրեր եմ անում: Սկսվեց մարտ ամսից, երկու բարեգործական համերգ արեցինք՝ Բաբաջանյանին նվիրված», - նշեց Թումանյանը:
Հիմնադրամը, դրա ղեկավարի ձևակերպմամբ, ստեղծվել է «հոգևորը նկատի ունենալով և հոգեղենը նկատի ունենալով»:
Սիմպոզիումի մասնակից 30 գեղանկարիչները 10 օր կբնակվեն Հաղարծին վանական համալիրի վանատանը, կստեղծագործեն բնության գրկում: Իսկ սեպտեմբերի 27-ից նրանց ստեղծագործությունները ոչ միայն կցուցադրվեն Իջևանի «Վերնատուն» կոչվող ցուցասրահում, այլև ընդմիշտ կմնան այնտեղ՝ համալրելով ցուցասրահում ներկայացված ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործությունների շարքը:
«Այս բոլոր միջոցառումները բաց են բոլոր ցանկացողների համար: Ամեն նկարիչ ունի իր աշխարհը, իր արվեստը, իր ուրույն ոճը: Մուտքն ազատ է, կարող են մարդիկ գալ, տեսնել ոնց են նկարում, կարող են գալ եզրափակիչ ցուցահանդեսին: Ընթացքում լինելու են նաև վարպետաց դասեր Իջևանում և Դիլիջանում», - նշեց հիմնադրամի ղեկավարը:
Նա շեշտեց, որ սիմպոզիումի մասնակիցների համար ամեն բան անվճար է․ - «Ունենք հովանավորներ: Պետական ոչ մի կոպեկ չի ծախսվել սրա վրա: Միգուցե մյուս անգամները ինչ-որ բան կկարողանան անել: Մյուս տարի ավելի մեծ ծավալի՝ քանդակի և գեղանկարի․․․ Եթե հիշում եք, Իջևանում քանդակի սիմպոզիոմի ավանդույթ կար սովետի ժամանակ: Եվ ես ուզում եմ այս փորձի վրա հիմնեմ արդեն քանդակինը: Լավ ընկերներ ունեմ, կհրավիրեմ, որ մենք միասին վերածնենք այդ լավ ավանդույթը»:
Մինչև Հաղարծին մեկնելն ողջ օրը սիմպոզիումի մասնակիցները կազմակերպիչների նախաձեռնությամբ այցելեցին մայրաքաղաքի թանգարաններն ու ցուցասրաները, իսկ երեկ երեկոյան էլ տարբեր թատրոններ էին հաճախել՝ ծանոթանալու նաև մայրաքաղաքի թատերական կյանքին: