Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում հյուրընկալել է Ռուսաստանի և Իրանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին ու Հասան Ռոհանիին: Նախ կայացել են նախագահների երկկողմ հանդիպումները, ապա՝ եռակողմ 5-րդ գագաթնաժողովը։
Պուտինը, Էրդողանը և Ռոհանին հիմնականում քննարկել են իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում։ Երեք նախագահները խոստացել են կանխել հումանիտար իրավիճակի վատթարացումը և նպաստել լարվածության թուլացմանը։
Մի քանի շաբաթ է՝ Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակումներ են իրականացնում հյուսիսարևմտյան այս նահանգում հաստատված զինյալների դեմ: Իդլիբում ռազմական գործողությունները մեծացրել են դեպի Թուրքիա փախստականների նոր զանգվածային հոսքի հավանականությունը:
Թուրքիայում արդեն իսկ 3,6 միլիոն սիրիացիներ են ապաստանել: