Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի և դա տեղի է ունեցել, կարելի է ասել, մի քանի քննարկումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ, այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա», - հավելեց վարչապետը:
Քիչ անց Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:
ԱԱԾ պաշտոնական կայքէջում հրապարակվել է Վանեցյանի հայտարարությունը, որում նա հայտնում է հրաժարականի դիմում ներկայացնելու իր որոշման մասին:
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», - մասնավորապես ասված է հայտարարությունում:
Վանաձորում ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով այդ հայտարարությանը՝ վարչապետն ասաց․ - «Ես ասում եմ պաշտոնապես, որ էս ընթացքում չի եղել մի դեպք, երբ որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, չի՛ եղել մի դեպք, այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ, ինչի մասին է նա ասում հիմա»:
«Առաջին անգամ եմ լսում նման բան», - շարունակեց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով․ - «Հրաժարականի պատճառը ինձ հայտնի է, և ես ասեցի, որ հրաժարականի պատճառը էն ա, որ ես, չուզեցա ավելի սուր ձևակերպեմ, ես ասեցի՝ փոխադարձ համաձայնությամբ: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը հրաժարական է․․․ ինքը դիմում ա գրել»:
Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին: