Երիտասարդ թատերախումբը բեմականացրել է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը

Մեր համաքաղաքացիներից շատերը թերևս տեղյակ էլ չեն, որ Ամիրյան 4/6 հասցեում գտնվող նորակառույց շենքում գործում է թատրոն՝ տանիքում:

Թատրոնը հենց այդպես էլ կոչվում է՝ «Թատրոն տանիքում»: Այն 4 տարի առաջ հիմնադրել են մի խումբ երիտասարդներ, կամ ինչպես իրենք են ասում` անկախության սերնդի երիտասարդներ, ռեժիսոր Մխիթար Դանիելյանի նախաձեռնությամբ:

Այս երեկո այնտեղ տեղի կունենա պրեմիերա՝ կներկայացվի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսը:

«Ազատության» հետ զրույցում Մխիթար Դանիելյանն ասաց, որ վարչապետին հրավիրել են պրեմիերային, և հավելեց․ - «Պաշտոնապես ստացել ենք թույլտվությունը ներկայացումը բեմ հանելու: Մենք օրինականության կողմնակիցն ենք»:

Հարցին, թե ինչու որոշեցին բեմականացնել Փաշինյանի վեպը, ռեժիսորը պատասխանեց․ - «Շատ բազմաբովանդակ է վեպը, բայց հստակ այնտեղ շատ մեծ պրոբլեմներ կան, որ հիմա էլ են շատ արդիական: Ամեն մեկը իրա գործով պետք է ազդեցություն ունենա, բարձրացնի այդ պրոբլեմը կամ լուծումները առաջարկի: Մենք՝ անկախության սերնդի երիտասարդներս փաստորեն շեշտը դրել ենք դրա վրա: Խնդիրներ ենք մենք առաջադրում, որովհետև ինձ թվում է, այս դեպքում, որովհետև շատ վիճելի հարցեր կան, սխալ է պատասխաններ տալը: Հստակ մեր վերաբերմունքը դրել ենք դրա մեջ: Վերցրել ենք այն գաղափարները, որոնք մեզ ավելի բնորոշ են, երիտասարդ սերնդին, փորձել ենք ներկայացնել հանդիսատեսին ավելի ռիթմիկ, ավելի նոր մոտեցմամբ, ավելի ակտիվ, ավելի խենթ»:

Անդրադառնալով բավականին ծավալուն վեպի բեմականացմանը՝ Դանիելյանն ասաց․ - «Մենք կոլաժային ներկայացում ենք ստացել: Այսինքն 91-ից հետո ինչ է կատարվել մինչև այսօր, ու ինչ կարող է կատարվել: Ես շատ անգամներ եմ կարդացել վեպը, որպեսզի կարողանամ այնպես անել, որ լավ բանը դուրս չմնա, վատ բանը ներս չընկնի»:

Հարցին, թե ինչու է որոշել հիմնադրել թատրոն, որը պիտի տանիքում գործի, այլ ոչ թե թատերական դահլիճներից մեկում, Մխիթար Դանիելյանն արձագանքեց․ - «Ինձ համար տանիքը հեքիաթային մի վայր է, բնության մի ներազդող ուժ է: Որովհետև հանդիսատեսը երբ գալիս է, իր մեկ գավաթ գինին վերցնում է ու առաջանում է, արդեն տանիքը տեսնում է, այդտեղ երաժիշտը կենդանի նստած իր համար երգում է, դա ուրիշ միջավայր է ստեղծում»:

Ռեժիսորն ասաց, որ իրենք ինքնաֆինանսավորվող թատրոն են, աջակցության խնդրանքով պետությանը չեն դիմել․ - «Ինձ թվում է, որ հիմա այն շրջանն է, որ պիտի ինքներս մեզ համար հասկանանք այս մասնագիտությանը պիտանի ենք, թե չէ»: