Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ունենա. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ ունենա, հակառակը, Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի փոխվարչապետը՝ Յուրի Բորիսովն ասում է՝ կազմակերպությունը կողջունի գործակցությունը բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

«Դա միայն Ադրբեջանին չի վերաբերում: ՀԱՊԿ-ը միշտ էլ կողջունի բոլոր հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը: Չէ որ մենք ինչ-որ մի ժամանակ մի ընտանիքի մաս էինք, շատ ընդհանուր բան ունենք: Դա վերաբերում է նաև նախկին հանրապետությունների, այսպես ասեմ, զինված ուժերի որոշակի բալանսին՝ մենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն ենք վարում։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական գործակցությունը ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ, հավատացեք՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ [ղարաբաղյան] հակամարտության բորբոքմամբ, այլ հակառակը՝ ամեն կերպ կաջակցի, որ այդ հակամարտությունն ավարտվի», - ասաց Ռուսաստանի փոխվարչապետը։

ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին Երևանում մասնակցող Բորիսովը հստակեցրեց՝ ՀԱՊԿ-ում որոշումները համատեղ են ընդունվում. «Քննարկումներից հետո եթե նման որոշում ընդունվի, ապա դա կարվի կազմակերպության կանոնակարգին և օրենսդրությանը համաձայն»:

Օրերս Հայաստանի խորհրդարանը քննարկում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ պատգամավորների կողմից։ Փոփոխություններից մեկով առաջարկվում էր ՀԱՊԿ-ում այլ պետության դիտորդից բարձր գործընկերոջ կարգավիճակ շնորհել։ Օրինագծի քննարկման ընթացքում որոշ խորհրդարանականներ արտահայտեցին իրենց մտահոգությունը, թե Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ ՀԱՊԿ-ում։

Իշխող «Իմ քայլից» պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր՝ Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալ, քանի որ պաշտոնական Երևանը կազմակերպությունում կոնսենսուս չի ապահովի: Նախօրեին խորհրդարանն ընդունեց օրինագիծը։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է որևէ կարգավիճակ ունենալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Երևանյան նիստին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը «Ազատության» հարցին ի պատասխան, հստակեցրեց՝ քարտուղարությունը նման դիմում կամ հայտարարություն չի ստացել։ Զարմանում է՝ ինչո՞ւ են նման քննարկումներ ծավալվում։

«Բոլոր հայտարարությունները կամ էլ բոլոր դիմումները՝ ՀԱՊԿ գործընկեր, դիտորդ, անդամ դառնալու վերաբերյալ սահմանված կարգով պետք է ներկայացվեն քարտուղարություն։ Ես որևէ հայտարարություն Ադրբեջանի կողմից չունեմ կամ նման որևէ բան», - պատասխանեց Վալերի Սեմերիկովը։

Սեմերիկովը վստահեցնում է՝ ՀԱԿՊ-ում Ադրբեջանի դիտորդության, գործընկերության կամ էլ անդամակցության հարցը չի քննարկվել։ Շեշտում է՝ անդամակցության, գործընկերության դիտորդության և այլ հարցերը ՀԱՊԿ-ում ընդունվում են խիստ կոնսենսուսով։ Այսինքն՝ եթե չկա անդամ 6 երկրներից մեկի համաձայնությունը, չի կարող լինել որոշում՝ այս կամ այն երկրի ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ տալու վերաբերյալ։

«Այդ հարցը չի քննարկվել։ Ինչո՞ւ ինչ-որ մեկը ամբիոնից արտահայտել է իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը և սկսում է այդ հարցը… Հասկանո՞ւմ եք՝ դա ճիշտ չէ։ Կա գործընթացի կանոնակարգ, որը հաստատել են անդամ պետությունների ղեկավարները։ Կան գործընկերոջ և դիտորդի պահանջներ, և դրանք պետք է պարտադիր կատարվեն։ Եվ միայն դրանից հետո պետք է դիտարկել կազմակերպությունում այլ երկրի անդամակցության կամ գործընկերության կամ էլ դիտորդության հարցը։ Կարդացեք մեր կայքում, թե ինչ պահանջներ են ներկայացված և ամեն ինչ պարզ կլինի», - նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Սեմերիկովը խուսափեց պատասխանել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի վերաբերյալ «Ազատության» հարցին, սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ. «Գիտեք, ես չեմ վաճառում զենքը»։