«Ֆանտաստիկ ուղևորություն» որակեց Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան անցած ամիս Հայաստան կատարած իր այցը «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում:
Ստորև՝ հարցազրույցի տեքստը․
«Ազատություն»․ - Վերջերս Հայաստանում պաշտոնական այցով էիք, մեկնելուց առաջ ի՞նչ էիք պատկերացնում և իրականում ի՞նչ արձանագրեցիք։
Ռոդոլֆո Նին Նովոա․ - Իսկապես ֆանտաստիկ ուղևորություն եղավ՝ դիվանագիտությամբ, քաղաքականությամբ և մշակույթով հարուստ։ Իհարկե, մենք Երևանում բացեցինք մեր դիվանագիտական ներկայացուցչությունը, որը շատ կարևոր է, սակայն ես հանդիպեցի մի շատ հին ու գեղեցիկ քաղաքի։
Երևանը պատմությամբ լի քաղաք է։ Բիբլիական Արարատը տեսնել և ըմբռնել, որ այստեղ քաղաքակրթության օրրան է, մեծ տպավորություն է թողել ինձ վրա։
Նաև ասեմ, որ Հայաստանի երիտասարդությանը տեսնելը հույս է ներշնչում։
Հուզիչ է Հանրապետության հրապարակին կից տեսնել ծածանվող Ուրուգվայի դրոշը: Կարծում եմ՝ դա շատ ոգևորիչ է ուրուգվայցիների և հատկապես ուրուգվայահայերի համար։
«Ազատություն»․ - Ինչպիսի՞ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին պաշտոնական հանդիպումների ժամանակ, և որո՞նք են համագործակցության իրական հեռանկարները։
Ռոդոլֆո Նին Նովոա․ - Ես կարծում եմ, որ համագործակցության իրական հեռանկարներ կան գյուղատնտեսության ոլորտում, մենք նկատեցինք, որ Հայաստանում զարգացած է գինեգործությունը։ Համտեսել եմ ոչխարի միսը, որը շատ համեղ է։ Ուրուգվայն այս ոլորտում փորձ ունի և կարող է օգտակար լինել Հայաստանին։ Նաև փորձ ունենք ծխախոտի օգտագործման դեմ քաղաքականության ոլորտում, և կա մտքերի փոխանակում առողջապահության նախարարությունների միջև։ Նկատել եմ, որ Հայաստանում հետաքրքրված են մեր արդյունավետ փորձով, քանի որ Ուրուգվայը աշխարհում ձեռք է բերել իրական արդյունքներ ծխախոտի դեմ պայքարում։
Եվրամիության հիմնադիրներից մեկն ասել է, որ եթե այդ կառույցը պետք է նորից հիմնադրել, ուրեմն պետք է սկսվի մշակութային ոլորտից։ Ուստի գտնում եմ, որ պետք է մշակութային համագործակցությունը խորացնել։ Դրանից հետո կարելի է շարունակել տարբեր ապրանքների առևտրով, ինչը երկու կողմերի համար դրական է լինելու։
«Ազատություն»․ - Դուք՝ որպես Ուրուգվայի փոխնախագահ և այժմ որպես Արտաքին հարաբերությունների նախարար, բազմիցս ելույթներ եք հրապարակել Հայոց ցեղասպանության տարելիցների առիթով։ Ի՞նչ եք զգացել՝ գտնվելով Երևանում և այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու թանգարան։
Ռոդոլֆո Նին Նովոա․ - Իհարկե, լինելով այնտեղ՝ հուզվում ես և մեծ վիշտ ես զգում, երբ տեսնում ես այն, ինչ ապրել է հայ ժողովուրդը։ Սակայն միաժամանակ արժևորում ես առաջ գնալու, պայքարելու և իր գոյությունը պահպանելու այն քաջությունը, որ ունեցել է հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը ճիշտ է անում, երբ կապվում է իր անցյալի հետ, քանի որ չմոռանալով է, որ մենք թույլ չենք տալիս, որ նմանատիպ դեպքեր կրկնվեն։ Ես տարբեր երկրներում այցելել եմ հուշահամալիրներ, սակայն առաջին անգամն է, որ ծառ եմ տնկել, այն էլ՝ Երևանում։ Եվ հուզվել եմ, քանի որ ծառը խորհրդանշում է ապագա, հույս։ Մեծ պատիվ է, որ Ուրուգվայի անունը կա այդ պուրակում։
«Ազատություն»․ - Համեմատելով այլ երկրների իշխանությունների հետ, ինչպե՞ս դիմավորեցին Ձեզ Հայաստանի իշխանությունները։
Ռոդոլֆո Նին Նովոա․ - Շատ լավ դիմավորեցին ինձ, և հատուկ վերաբերմունք նկատեցի հատկապես Հայաստանի արտգործնախարարի կողմից։ Նաև շատ օգտակար եղավ դեսպան Էսթերա Մկրտումյանը: Պարոն Մնացականյանը շատ պարզ և յուրահատուկ անձնավորություն է և միշտ ցույց է տվել մեծ հարգանք ու բարեկամություն Ուրուգվայի հանդեպ։ Երևանի քաղաքապետի հետ համաձայնել եմ, որպեսզի Ուրուգվայի ազգային հերոս, ազատարար Զորավար Արտիգասի արձանը կանգնեցվի Ուրուգվայի հրապարակում, և այդ կապակցությամբ գործերն առաջ են գնում ու կարծում եմ՝ մինչև տարվա վերջ ավարտված կլինեն։
Վարչապետին առաջարկել եմ, որ Հայաստանը փորձ ձեռք բերի Անտարկտիդայի մեր կայանում՝ նկատի ունենալով, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի:
Ես շատ գոհ եմ այցի արդյունքներից։