Մանվել Գրիգորյանի ազգականները սեփականաշնորհել ու վերավաճառել են Ֆերիկ գյուղի ամբողջ արոտավայրը

Արմավիրի մարզի Ֆերիկի գյուղապետարանում քննչական գործողություններ են, ներս մտնել չի կարելի:

Եզդիաբնակ գյուղում ընդամենը 57 ընտանիք է ապրում, տեղի ունեցածը Քննչական կոմիտեն բնորոշել է երկու քրեական գործերով՝ մի քանի հոդվածներով. պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնական կեղծիք:

Ֆերիկն ունի ընդամենը 205 հեկտար արոտավայր: Անցյալ տարի իմացան, որ արոտավայր էլ չունեն, վաճառված է: Համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասում է, որ ինքն էլ անակնկալի եկել, երբ պարզվել է, որ 2004 թվականին ամբողջ 205 հեկտարը գնել են գեներալ, այժմ մեղադրյալ Մանվել Գրիգորյանի եղբորոդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու վերջինիս մայրը՝ Թամար Գրիգորյանը։ Գյուղում այս մասին չեն իմացել, քանի որ անասունների մուտքը դեպի սեփականաշնորհաված հանդեր փակող չի եղել:

«Հրանտ Գրիգորյանը կամ Թամարա Գրիգորյանը երբևիցե չեն եկել ասել՝ մի արածացրեք: Համայնքի բնակիչներից ոչ մեկը տեղյակ չի եղել, որ օտարված են այդ հողերը», - ասում է Հասանյանը:

Ամեն ինչ պարզ է դարձել այն ժամանակ, երբ գյուղ է մտել լիբանանահայ Արա Թագեսյանը՝ բոթով, որ հողերը վերավաճառել են իրեն: Ռուստամ Հասանյանը մեջբերում է Թագեսյանի խոսքերը․ - «Որ ես պիտի ամբողջ համայնքի գլուխը ջարդեմ, ավելի ճիշտ կլինի ես հրաժարվեմ էդ հողերից, քանի որ ամբողջ գումարը չեմ տվել»:

Սակայն, ըստ ֆերիկցիների, գործարարաը սկսել է բիզնես պլան գծել, սկզբում այգիներ պիտի հիմներ, հետո, գյուղացիների փոխանցմամբ, ասել է, թե առողջարան է կառուցելու: Ի վերջո, ասում են, կանգ է առել շատ շահավետ առվույտի վրա. Ֆերիկում միայն անասնապահությամբ են զբաղվում, եթե արոտավայր չունեն ուրեմն կգնեն առվույտը:

Ֆերիկցի Ռուստամ Բաքրյան․ - «Յոնջա ցանի՞, մեր վրա ծախի՞, մեր անասունը գոմում պահե՞նք․․․ Ճիշտ ա անում: Գործը բռնել ա»:

Ֆերիկցիները պնդում են, որ փակ են պահելու դեպի արոտավայր տանող տեխնիկայի ճանապարհը, որպեսզի որևէ բիզնես ծրագիր այնտեղ չծավալվի: Գյուղի բոլոր ընտանիքներն են ապրում անասնապահությամբ․ ո՞ւր տանենք մեր 700 կովերին, հարցնում են:

«Անասնապահությամբ ենք զբաղվում: Ուրիշ ոչ մի բան մենք չենք կարա: Ոչ կրթություն ունենք, ոչ բան: Ես կրթություն չունեմ, որտե՞ղ աշխատեմ», - ասում է Ռուստամ Բաքրյանը:

Հողերի օտարման պատմությունն արտառոց է․ նախկին համայնքապետի որոշման տակ ավագանու 4 անդամների ստորագրությունն է: Պատմում է Շամալ Հսոյանը․ - «Քննիչը կանչում ա, ասում ա՝ էս ձեր ստորագրությո՞ւնն ա, ասում եմ չէ: Իմ անուն-ազգանունն է գրված»:

Հսոյանն ասում է, որ ավագանու մի անդամ էլ ինքն էր, հողերի օտարման որոշումից տեղյակ չի եղել, ստորագրութունը իրենը չէ:

Ֆերիկի նախկին համայնքապետ Նորիկ Հայրապետյանը հարևան Հայթաղ գյուղում է ապրում, բայց տանը չէր, զրուցել չկարողացանք: Ֆերիկցիներին ասել է, թե հողերը Գրիգորյաններին է վաճառել վախից:

Շամալ Հսոյանն ասում է, որ եթե իրենք գործարքի մասին իմանային էլ, բողոքել չէին համարձակվի․ - «Էն ժամանակ ո՞վ կարար իրանց դեմ հելներ բողոքեր: Հիմա էս կառավարությունը, երկիրը փոխվել ա, մարդիկ էլ հելնում են, բողոքում են»:

Մանվել Գրիգորյանի եղբորորդիների՝ Հրանտ ու Զարզանդ Գրիգորյանների մասին ֆերիկցիները հիմա շատ բան են պատմում: Սսում են՝ ինչ ուզել են, իրենցն է դարձել, օրինակ կտրել-տարել են փողոցի էլեկտրական լուսավորության սյուները:

Շամալ Հսոյանն ասում է, որ եղբորը ֆերման են վերցրել. - «Ստիպելով դավադիտ արին, ախպերս թողեց գնաց»:

Ֆերիկում սպասում են հարուցված քրեկաան գործի արդար քննությանը:

Եթե արոտավայրը չվերադարձվի, միակ ելքը մնալու է հեռանալը: