Բոլթոնի հրաժարականի մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան: Իր առանցքային խորհրդականներից մեկի պաշտոնանկության մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց Twitter-ում՝ որոշելով չխախտել ձևավորված ավանդույթը:
«Երեկ երեկոյան ես տեղեկացրեցի Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տունը իր կարիքն այլևս չունի: Ինչպես և իմ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ, ես ևս կտրականապես համաձայն չէի նրա շատ առաջարկներին: Այս իսկ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան», - գրել է Թրամփը:
Ուշագրավ է, որ հրաժարականին նախորդած իրադարձությունների` Բոլթոնի ներկայացրած տարբերակը տրամագծորեն տարբերվում է Թրամփի վարկածից:
Twitter-ի իր էջում Ջոն Բոլթոնը գրել է․ - «Երեկ երեկոյան ես հրաժարականի առաջարկով հանդես եկա: Նախագահ Թրամփը դրան ի պատասխան ասաց` արի դրա մասին խոսենք վաղը»:
Եվ քանի դեռ Վաշինգտոնում փորձում են հասկանալ, թե Սպիտակ տան ներկայացուցիչներից որ մեկի վարկածն է ավելի մոտ իրականությանը, ամերիկյան լրատվամիջոցները արձանագրում են, որ Բոլթոնի հրաժարականի արդյունքում առավել շահած գերատեսչությունը Պետդեպարտամենտն է: Վերջին ամիսներին Վաշինգտոնում համառ լուրեր էին շրջանառվում պետքատուղար Մայք Փոմփեոյի և Ջոն Բոլթոնի սուր հակասությունների մասին:
«Արդյո՞ք Բոլթոնի հրաժարականով ձեր գործը կթեթևանա»․ - երեկ երեկոյան պետքարտուղարին նման հարց ուղղեց Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներից մեկը:
«Ես չեն անդրադառնում ներքին աշխատանքային խնդիրներին, թե ինչպես է ամեն ինչ կատարվում: Ես տեղյակ եմ, որ այս թեման ցավալիորեն երկար ժամանակ է քննարկվել: Կարող եմ միայն ասել, որ եղել են դեպքեր, երբ ես և դեսպան Բոլթոնը մեր հետագա գործողությունների վերաբերյալ տարակարծություններ ենք ունեցել», - հայտարարել է Փոմփեոն:
Ջոն Բոլթոնը երրորդ պաշտոնյան է, որ Թրամփի նախագահության ընթացքում զբաղեցրել է Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը: Բոլթոնը Սպիտակ տանը պաշտոնավարեց մոտ մեկուկես տարի: Նա խորհրդականի պարտականությունները ստանձնել էր 2018-ի ապրիլին: Պաշտոնավարման 17 ամիսների ընթացքում Ջոն Բոլթոնը աչքի ընկավ մի շարք խնդիրների, նախևառաջ Իրանի շուրջ որդեգրած կոշտ դիրքորոշմամբ:
Արդյո՞ք Բոլթոնի հրաժարականից հետո Վաշինգտոնը կարող է վերանայել իր կոշտ մոտեցումը Իրանի հանդեպ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը գրեթե բացառում է նման հնարավորությունը:
«Պետքարտուղար Փոմփեոն, ես, նախագահը, մենք միանշանակորեն հավատարիմ ենք Իրանի հանդեպ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությանը: Դուք գիտեք, որ մենք Իրանի հանդեպ ավելի շատ պատժամիջոցներ ենք կիրառել, քան որևէ մեկը մեզանից առաջ: Եվ այդ պատժամիջոցները միանշանակորեն հասնում են իրենց նպատակին», - նշել է Մնուչինը:
Իրանից բացի, Սպիտակ տան ազգային անվտանգության գծով արդեն նախկին խորհրդականը ակտիվորեն զբաղվում էր նաև հետխորհրդային տարածքում առկա խնդրներով:
2018-ի հոկտեմբերին Բոլթոնը ժամանեց Հայաստան, որտեղ հանդես եկավ աղմկահարույց մի հայտարարությամբ` Հայաստանի իշխանություններին առաջարկելով ռուսական սպառազինության փոխարեն ամերիկյան զենք գնել: Մոտ երկու շաբաթ առաջ էլ Բոլթոնը Ուկրաինայում և Բելառուսում էր:
Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նրա հանդիպումը շարունակվել էր ավելի քան երկու ժամ` շատերի կողմից ընկալվելով որպես Միսնկի և Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման սկիզբ: