Հայաստանի պատմության թանգարանն իր 100-ամյակը նշում է նաև միջազգային գիտաժողովով

Ճիշտ 100 տարի առաջ սեպտեմբերի 9-ին Հայաստանի Առաջին հանրապետության օրոք հիմնադրվեց Հայաստանի պատմության թանգարանը, որն այս օրերին նշում է հոբելյանը՝ եռօրյա միջազգային գիտաժողով հրավիրելով:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից անվանի գիտնականներ:

Երեկ Մատենադարանում կայացավ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Էրմիտաժից, Լուվրից, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանից և այլ հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ ոչ միայն ողջույնի ջերմ խոսքով հանդես եկան, այլև ներկայացրին Հայաստանի պատմության թանգարանի հետ իրենց երկարամյա, արդյունավետ համագործակցությունը:

Գիտաժողովի մասնակիցներին Երևան - Սանկտ- Պետերբուրգ տեսակապի միջոցով ողջույնի խոսք հղեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, իսկ նրա եղբայրը՝ Էրմիտաժի Բյուզանդագիտության բաժնի վարիչ Յուրի Պիատրովսկին «Ազատության» հետ հարցազրույցի ընթացքում այս հոբելյանը ողջ հայ ժողովրդի համար մեծ իրադարձություն անվանեց:

«Իսկապես մեծ իրադարձություն է նաև այն առումով, որ Հայասատնի պատմության թանգարանը չափազանց ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն նորանոր ցուցահանդեսներ բացելով, միջազգային գիտաժողովներ հրավիրելով, հրատարակելով գիտական աշխատություններ և հրաշալի ալբոմներ, այլև լուրջ համագործակցություն ծավալելով աշխարհի խոշոր թանգարանների, այդ թվում և Էրմիտաժի հետ», - ասաց Յուրի Պիատրովսկին:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Մեր պատմության թանգարանը իսկապես հսկա ճանապարհ է անցել, հարյուրամյա ճանապարհ է անցել, և այսօր մենք պիտի շնորհավորենք ոչ միայն այսօրվա աշխատակազմին, այլև անցած բոլոր հարյուր տարիների ընթացքում այն բոլոր մարդկանց, որոնք աշխատել են մեծ նվիրում: Գաղտնիք չէ, որ ընդհանրապես թանգարանային ոլորտում, ինչպես նաև գրադարանային, այդ ոլորտներին բավականին համեստ միջոցներ են տրամադրվել թե՛ խորհրդային շրջանում, թե՛ անկախության շրջանում, մինչև այսօր էլ: Այդ մարդիկ նվիրում աշխատել են, նվիրումը կրկնակի գնահատելի է: Վստահ եմ, որ այդպիսի նվիրյալներ էլի կլինեն: Բայց լավ կլինի նաև, որ պետական աջակցությունը մեծ լինի փանգարանների հանդեպ, թանգարանային ոլորտի հանդեպ: Պատմության թանգարանը և՛ ֆիզիկապես կենտրոնական դիրք է գրավում, և՛ շատ առումներով մեր կարևորագույն թանգարաններից մեկն է»:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն շեշտեց․ - «Թանգարանը հիմնադրվել է 1919 թվականին Առաջին Հանրապետության պառլամենտի որոշմամբ: Առաջին տնօրենը եղել է Երվանդ Դադայանը»:

Հայաստանի պատմության թանգարանի երկարամյա աշխատակից, հնագետ, դրամագետ Արմինե Զոհրաբյանի խոսքով, ժամանակի մեր լավագույն մտավորականները ջանք ու եռանդ չեն խնայել հիմնադրելու այս թանգարանը, որն իր մեջ ամբարում է հայ ժողովրդի հազարամյակների խորքից եկող պատմության անհերքելի ապացույցները՝ պատմամշակութային արժեքները․ - «Պետք է հպարտությամբ նշեմ, որ ամենածանր ժամանակաշրջանում՝ 1919 թվականին մեր մշակութային մեծագույն գործիչները, որոնք այդ ժամանակ Թիֆլիսում էին բնակվում, իրենց հավաքածուները տեղափոխեցին Երևան: Մեր պատմության թանգարանի հավաքածուների զարդը Լալայանի ազգագրական թանգարանի նյութն է: Ինքը ամեն ջանք գործադրեց, որ այդ նյութերը տեղափոխվեն այստեղ: Ստեղծման հիմքում այնուամենայնիվ մեր մտավորականներն են, որոնք ձեռնամուխ եղան այդ կարևոր գործին: Պետք է նշեմ, որ ժամանակին Պատմության թանգարանը ամենակարևոր վայրն էր, որ մեր մշակույթի գործիչները հարկ էին համարում պարբերաբար մտնել, ծանոթանալ նյութերի հետ: Մի քիչ էլ կցանկանամ քննադատել, թող ինձ ներող լինեն: Այսօրվա մտավորականությունը այդչափ կապված չէ, այդչափ հետաքրքրված չէ»:

Հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պատմության թանգարանն այս օրերին հրատարակել է թանգարանում պահպանվող լավագույն ցուցադրանմուշները ներկայացնող ստվարածավալ ալբոմ-կատալոգը՝ «Գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» խորագրի ներքո: