Գյումրիում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Գյումրիի «Անի» թաղամասում գործող «Կռունկ» սննդի կետում շաբաթ օրը ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննությունն է ընթանում: Գործի նյութերը դատախազությունից ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ):

Օրերս բարձրաստիճան ոստիկանների՝ Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի և Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսանյութը համացանցում հրապարակած օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտարարել էր, թե «ոստիկանները հարձակվել են իր գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի խանութի վրա և քաշքշել աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին»:

Նախկին իշխող կուսակցության՝ Հանրապետականի անդամ Կարապետ Պողոսյանը և Գարիկ Ուզունյանը հրաժարվեցին հարցազրույցից՝ ասելով, որ սպասում են ոստիկանության արձագանքին: Ի դեպ, խանութի սեփականատեր Ուզունյանը միջադեպի ժամանակ տարածքում չի եղել: Միջադեպի ականատես աշխատակից Լիաննա Անդրեասյանը որոշ մանրամասներ ներկայացրեց։

«Ազատության» հարցին, թե ոստիկանները ի՞նչ ասացին, ի՞նչ էին փնտրում այնտեղ, Լիաննա Անդրեասյանը պատասխանեց. «Ոչ մի բան չասացին, մտան մեր աշխատողին վերցրեցին գնացին, ուրիշ ոչ մի բան»։

Հարցին էլ, թե հետո բա՞ց են թողել, Անդրեասյանը պատասխանեց. «Հա, հինգ րոպե չտևեց, էլի ետ եկավ»։

Ոստիկանների մասնակցությամբ միջադեպի տեսանյութը դիտելուց հետո իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը համոզված է, որ վերջիններիս գործողությունները իրավաչափ չեն:

«Կարծում եմ, որ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն՝ դատելով տեսանյութից։ Դրանք կարող են իրավաչափ լինել որոշակի բացառություններով միայն այն դեպքում, եթե դրան անմիջապես հետևեր ոստիկանության կողմից պաշտոնական իրազեկում՝ ինչի մասին է խոսքը։ Իրավաչափ չեն, որովհետև ո՛չ ոստիկանների քանակը, ո՛չ ոստիկանների պահվածքը.... տեղադրողի հետգրություններից մեկում գրված է, որ նաև հայհոյանքներ են եղել, այդ ամբողջը ցույց են տալիս, որ ընդհանրապես ոստիկանությունը ինքը կարիք ունի ոստիկանական միջամտության, բայց այս դեպքում արդեն շատ ավելի նորմալ, էն ոստիկանության, որը հետհեղափոխական Հայաստանին շատ ավելի բնութագրական կլիներ։ Ցավոք սրտի, Գյումրիում այդ փոփոխությունները չկան», - ասաց Մարտիրոսյանը։

Ոստիկանների գործողություններին կարելի է վերագրել ամեն ինչ, բացի ոստիկանի, հավելում է իրավապաշտպանը:

«Ամբողջ պահվածքը, եթե քաղաքացիական հագուստովը Մուշի բաժնի պետն է, եթե որպես թեստ տան մարդկանց, որոնք ոչինչի մասին տեղյակ չեն, հարցնեն, թե ո՞վ է պատկերված այստեղ, առանց մնացած բոլոր ուղեկցող մարդկանց, պատասխանների բոլոր հնարավոր տարբերակները, ես ինչ գիտեմ՝ թաղային հեղինակությա՞ն, թե ի՞նչ կարող են ասել, բացի ոստիկանից», - ընդգծեց Մարտիրոսյանը։

Կարապետ Պողոսյանը գաղափարական ընկեր ասելով՝ ակնարկում է իր քաղաքական հայացքները: Վերջինս նախկինում «Հայ ազգային կոնգրես»-ի համակիրներից էր, հետո Հանրապետականի, անցած տարվա ԱԺ-ի արտահերթ ընտրություններին Հանրապետականի ցուցակով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել: Գարիկ Ուզունյանը իր քաղաքական հայացքների մասին ևս չցանկացավ խոսել:

«Ազատության» հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է քաղաքական հետապնդումը, Սեյրան Մարտիրոսյանն արձագանքեց. «Ես չեմ ճանաչում Գարիկ Ուզունյանին, չգիտեմ նրա քաղաքական հայացքների մասին, երբևէ իմ տեսադաշտում չի հայտնվել կամ չեմ լսել քաղաքական տեքստեր, որպեսզի գոնե ենթադրության մակարդակում ասեմ, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է»։

Կարապետ Պողոսյանը, ի դեպ, նշում է, որ այլ տեսանյութեր ևս կան, որոնք ավելի ուշ կհրապարակի: