«ՌԴ նախագահը շնորհավորում է ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին, դուք ծպտուն չեք հանում»․ Բաբաջանյան

Խորհրդարանն այսօր քննարկում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը, որն էլ առիթ դարձավ պատգամավորների միջև բանավեճի: Փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր ՀԱՊԿ-ում այլ պետության դիտորդի կարգավիճակ շնորհելու պահանջների հստակեցմանը:

Ինչպես ներկայացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նոր փոփոխություններով նաև գործընկերոջ կարգավիճակ է նախատեսվում ՀԱՊԿ-ում:

«Միանգամից արձանագրեմ, որ երկու կարգավիճակն էլ կարող են ստանալ պետությունները կամ միջազգային կազմակերպությունները միայն կոնսենսուսով, այսինքն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Եթե պետություններից առնվազն մեկը դեմ է, ապա այդ կարգավիճակը չի շնորհվում», - նշեց Քոչարյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրերս լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց Ադրբեջանի տևական հավակնությունները ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ուղղությամբ և հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը ծանրութեթև է արել բոլոր ռիսկերը, եթե ՀԱՊԿ-ի օրակարգում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարց լինի, Հայաստանն արդյո՞ք մենակ չի մնա:

«Դուք կարևոր արձանագրումներ եք անում, որոնք արդեն իսկ վախեր են առաջացնում, որ կարող է իսկապես Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, իսկ դա արդեն մեծամասնություն է, համաձայնությամբ հանկարծ ու հանկարծ Ադրբեջանը իսկապես ստացվի այնպես, որ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի հարց գա օրակարգ և մենք այնտեղ չկարողանանք իսկապես մեր ձայնը բավարար չափով լսելի դարձնել և մենակ մնալ», - ասաց Բաբաջանյանը։

«Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք միայնակ կմնանք», - պատասխանեց Շավարշ Քոչարյանը։

Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները կատարում է միայն աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Հայաստանը Ռուսաստանին տալիս է ամեն ինչ՝ չստանալով ոչինչ:

«Այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք նույն ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ աղերս չունի մեր ինքնիշխանության և անկախության հետ։ Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ ու սպասարկել այդ կառույցի շահերը միայն նրա համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի», - նշեց Արման Բաբաջանյանը։

Բաբաջանյանի քննադատությանն արձագանքեց «Իմ քայլից» պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հորդորեց մի կողմ թողնել Հայաստանի անկարողության վարկածը և առաջնորդվել ինքնիշխանությունը պաշտպանելու կարողության կանխավարկածով:

«Եթե մենք ուզենք որևէ պետություն դառնա ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, էդ նիստի ժամանակ ասեցինք և արտգործնախարարության մեր գործընկերներին հանձնաժողովի անունից նաև պատվիրակեցինք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի հասկանանք որ երկրներն ենք մենք ուզում, որ լինեն այդ կարգավիճակով այդպես կլինի, բայց Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս, ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը և սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - ասաց Ռուբինյանը։

«Սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության մեջ մեղադրվող անձին Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ, երբ Ռուսաստանի իրավապահ համակարգը Հայաստանում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։ Դուք այս բոլոր իրավիճակներում ծպտուն չեք հանել», - արձագանքեց Բաբաջանյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ առաջարկեց ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում նախապատրաստել մի փաստաթուղթ, որ ՀԱՊԿ անդամ պետությունը սահմանափակի որոշ զինատեսակների վաճառքը ՀԱՊԿ մեկ այլ անդամի դեմ պատերազմող պետությանը: Այս դեպքում կոնկրետ խոսքը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին է: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունեց առաջարկը, իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց՝ փորձել կարելի է, բայց խոչընդոտները շատ կլինեն: