Թրամփ․ Թալիբների հետ բանակցությունները դադարեցված են

Աֆղանստան - Ամերիկացի զինծառայողները աֆղանստանցի զինվորների համար վարժանքներ են անցկացնում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե թալիբների հետ բանակցությունները դադարեցված են: Հայտարարության նախօրեին էլ Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում տեղեկացրել էր, որ չեղարկում է «Թալիբան» շարժման առաջնորդների ու Աֆղանստանի նախագահի հետ Քեմփ Դեյվիդ ավանում ծրագրված գաղտնի հանդիպումը:

«Պատճառը Քաբուլում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումն էր, որը 12 կյանք խլեց, այդ թվում՝ ամերիկացի մի զինվորի», - ասել է Թրամփը՝ ընդգծելով․ - «Մենք դրան ի պատասխան վերջին օրերին կոշտ հակահարված ենք հասցրել թալիբներին, ավելի կոշտ, քան վերջին տասը տարվա ընթացքում»:

Թրամփը նախընտրական շրջանում դեռ հայտարարել էր, թե պատրաստվում է հայրենիք վերադարձնել արդեն 18 տարի Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինվորներին: Վերջին մեկ տարվա ընթացքում նրա վարչակազմի ներկայացուցիչները բանակցում էին թալիբների հետ՝ զորքի դուրսբերման պայմանների ու երկրում կայունությունը երաշխավորելու շուրջ: