Եղել են մի քանի դեպք, որ դիմել են, բոլոր դիմած դեպքերով էլ հիմա աշխատանքներն ընթանում են. ԼՂ ոստիկանապետ

Արցախում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, վստահեցնում է ԼՂ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը։

«Անհանգստանալու առիթ առհասարակ չկա, եղել են մի քանի դեպք, որ դիմել են, բոլոր դեպքերով էլ հիմա աշխատանքներ ընթանում են և կտան իրավական գնահատական։ Որ ասեմ, թե ինչ-որ արտառոց բան իրենից ներկայացնում է այդ դիմածները՝ չէ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետը։

2020 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսօր Արցախում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու։ Ընտրողների թիվը 103 հազար 10 է։

Ընտրություններ են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այստեղ 5 թեկնածու է առաջադրվել: Նրանցից Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։

Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների, դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Դրա համար Հայաստանի կառավարությունն ավելի քան 33 միլիոն դրամ է տրամադրել: