Արցախի նախագահ Բակո Սահակյանի կարծիքով տեղական ընտրություններին մասնակցող հայաստանյան դիտորդները կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքները Արցախում ավելի քան ընդգծված են։ Այս մասին Սահակյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Այս ընտրությունների կազմակերպիչների հետ նախընտրական շրջանում մենք բազմաթիվ և բազմազան քննարկումներ ենք ունեցել և ես շատ ուրախ եմ, որ, ինչպես միշտ, այդ աշխատանքները կազմակերպվել են բարձր մակարդակով և համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբրև դիտորդներ մասնակցելու այս ընտրություններին, նրանք կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքները Արցախում ավելի քան ընդգծված, ավելի քան խորը արմատ գցած և մեր ժողովրդի համար արժեք ներկայացնող են», - նշեց ԼՂ նախագահը՝ շարունակելով․ - «Հետևաբար, ես կարծում եմ, որ նրանք, մասնակցելով այս ընտրություններին, կհամոզվեն, որ սա անշրջելի ընտրություն է մեր ժողովրդի համար և մենք այսօր, վաղը և ընդմիշտ առաջնորդվելու ենք այդ նշված վարույթներով»։
Բակո Սահակյանը նաև հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ է ներկայացրել իր շահագրգռվածությունը, որպեսզի Արցախում կազմակերպվող ընտրություններին հնարավորինս մասնակցեն տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանի մեր հասարակական հատվածի ներկայացուցիչները, խորհրդարանում ներկայացված ներքաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերը։ - «Եվ մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ցանկացած կազմակերպություն, որը ցանկություն է հայտնում մասնակցելու այս կամ այն ընտրություններին, որպեսզի նրանք այդ լիարժեք հնարավորությունը ունենան», - նշեց նա։
Բակո Սահակյանը անդրադարձավ նաև Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անհամաձայնության վերացման լավագույն միջոցը Արցախում սպասվող ընտրություններն են։
«Այդ ներդաշնակությունը ապահովելը մեր առօրյա առաջադրանքների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել՝ նպատակ հետապնդելով այդ ներդաշնակության աստիճանը բարձրացնել և մեր աշխատանքների արդյուանվետության աստիճանը բարձրացնել», - մասնավորապես, ասաց Սահակյանը։ - «Գիտեք՝ երբ խոսվում է անհամաձայնությունների մասին, դա պետք չէ որակել որպես ողբերգություն։ Մենք, բնական է, ունենք տեսակետներ, և այնտեղ, որտեղ այդ տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»։
2020 թվականի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այսօր Արցախում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու։ Ընտրողների թիվը 103 հազար 10 է։
Ընտրություններ են նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այստեղ 5 թեկնածու է առաջադրվել: Նրանցից Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։
Այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների, դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Դրա համար Հայաստանի կառավարությունն ավելի քան 33 միլիոն դրամ է տրամադրել: