Թրամփը չեղարկել է հանդիպումը թալիբների և Աֆղանստանի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է այսօր նախատեսված հանդիպումը Թալիբանի շարժման պատվիրակների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:

Թրամփի որոշումը կապված է Քաբուլում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետ, որի հետևանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում մի ամերիկացի զինվոր:

Թրամփը պետք է թալիբների և Աֆղանստանի նախագահի հետ հանդիպեր Մերիլենդի նահանգում գտնվող Քեմփ Դևիդի նախագահական ամառանոցում:

Թրամփը թալիբներին մեղադրել է ահաբեկչական գործողություններով բանակցություններում ուժի դիրքից հանդես գալու մտադրության համար:

«Եթե նրանք չեն կարող հրադադար ապահովել այսօրինակ կարևոր բանակցությունների օրերին և 12 անմեղ մարդ են սպանում, ուրեմն, հավանաբար, չունեն կառուցողական համաձայնության շուրջ բանակցելու ունակություն», - Թվիթերում գրել է ԱՄՆ ղեկավարը և հավելել.- «Իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե թալիբներն ընդունեն հրադադարը»: