Երեկ տուն վերադառնալիս շենքի մուտքում հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ հարձակումը կապում է իր քաղաքական գործունեության հետ։
«Միանշանակ կապում եմ իմ քաղաքական գործունեության հետ, որովհետև ակնհայտորեն տարօրինակությունների շարքը միայն սրանով չէր սահմանափակվում, լիքը այլ խնդիրներ կան։ Ես կարծում եմ, որ սա կազմակերպված, միգուցե տապալված օպերացիա էր», - նշեց քաղաքագետը։
Սաֆարյանը նաև ասաց, որ այն համարում է հարձակում իր անձի վրա՝ շարունակելով. «Հավանաբար հանգամանքները ստիպեցին ուղղակի սոսկ բավարարվել միայն հեռախոսի կողոպուտով։ Որքան էլ անհարմար իրավիճակ էր ինձ համար, որովհետև երկու ձեռքերիս կային կենցաղային իրեր՝ գնումներից հետո, բայց այնուամենայնիվ իմ սիրտը մի տեսակ հուշում էր, որ շքամուտքի մթության մեջ միայնակ աստիճանահարթակին կանգնած այդ երիտասարդը կասկածելի է։ Բնականաբար, շատ արագ շրջվեցի դեպի իրենց կողմը, երբ որ երկրորդն էլ ներս մտավ։ Երբ որ ձեռքս դրեցի հեռախոսին, որպեսզի լապտերը միացնեմ, իրանց դեմքերը ֆիքսեմ, բնականաբար, առևանգեց մյուսը հեռախոսը և այդպես փախան»։
«Ազատության» հարցին, թե քանի՞ հոգի էին, Սաֆարյանն արձագանքեց. «Վախենամ ես ավելին եմ տեսել, հարձակումը եղել է երկուսի կողմից, բայց շատ այլ բաներ էլ եմ տեսել։ Չեմ խոսի զուտ քննությանը չխանգարելու համար»։