Այսօր տեղի ունեցավ ռուս և ուկրաինացի բանտարկյալների փոխանակումը

Ռուսաստան - Ուկրաինացի բանտարկյալներին փոխադրող ավտոբուսները դուրս են գալիս «Լեֆորտովո» բանտից, Մոսկվա, 7-ը սեպտեմբերի, 2019թ.

Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր գործնականում սկսվել է բանտարկյալների փոխանակումը, որի շուրջ հաղորդագրություններ են հրապարակվել անցած վերջին օրերին:

Այսօր առավոտյան «Լեֆորտովո» բանտից դուրս են եկել ուկրաինացի կալանավորներին փոխադրող ավտոբուսները, որոնք ուղևորվել են «Վնուկովո» օդանավակայան: Ուկրաինացի 24 նավաստիների փաստաբանների փոխանցմամբ, նրանց պաշտպանյալները նույնպես գտնվել են այդ ավտոբուսներում:

Փոխանակման գործարքով ազատ են արձակվել նաև ռուսաստանցի լրագրող Կիրիլ Վիշինսկին և ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը:

Հաղորդվում է, որ երկու կողմերը պարտավորվել են փոխանակել 35-ական բանտարկյալ: Բանտերից ազատված կալանավորներն արդեն հասել են Կիև և Մոսկվա:

Կևի «Բորիսպոլ» օդանավակայանում 35 ուկրաինացիներին դիմավորել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ասել է, որ կողմերը պարտավոր են քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Փոխանակման գաղափարը հուլիսի կեսին հեռախոսով քննարկել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը: